Համաճարակային իրավիճակը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակում է լարված մնալ: Այդ պատճառով ամանորյա տոներին շատ երկրներում խստացվեցին հակահամաճարակային միջոցառումները:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի՝ գիտնականները չեն բացառում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը:
Հայաստանում ամանորյա տոներին նկատվել է համաճարակային իրավիճակի կայունացում: Համեմատելով վարակի վերարտադրման նախորդ 14 օրվա 0,84 ցուցանիշը՝ դրան նախորդող օրերի 1,43 ցուցանիշի հետ՝ նվազումն ակնհայտ է՝ ասում է Գայանե Սահակյանը:
Ըստ մասնագետի՝ թեստավորման թվի նվազում չկա, պարզապես նվազել է դրական թեստերի տեսակարար կշիռը:
Սակայն հաշվի առնելով տոնական օրերի շփումների ակտիվությունը և դպրոցների վերաբացումը՝ հնարավոր է վարակի աշխուժացում: Այնպես որ, կարանտինի երկարաձգումը արդարացված է: