Վարդենիսի 2-րդ հիմնական դպրոցը հայոց լեզվի ու գրականության նոր ուսուցիչ ունի: Տաթևիկ Բարսեղյանը Արցախից Վարդենիս է տեղափոխվել պատերազմից հետո: Ինքն Արցախի Զուար գյուղի դպրոցի տնօրենն էր, ամուսինը՝ հարևան գյուղի դպրոցի զինղեկը:
Տաթևիկ Բարսեղյան (Վարդենիս համայնքի 2-րդ հիմնական դպրոցի ուսուցիչ) - Առանց մանկավարժության չեմ պատկերացրել, 22 տարի այդ ոլորտում աշխատել եմ: Մինչև Զուար տեղափոխվելը, աշխատել եմ Վարդենիսում, երեխաների հետ հանգստանում եմ, վերագտնում ինքս ինձ:
Ցավում է, որ իրենց գյուղը հայկական վերահսկողությունից դուրս է: Դասը սկսում է՝ Հայրենիքի պաշտպանության համար կյանքը նվիրած տղաների սխրանքները ներկայացնելով: Համոզված է՝ թիկունքն ավելի ամրապնդելու համար անհրաժեշտ է հայեցի դաստիարակություն:
Տաթևիկ Բարսեղյան - Հարազատությունս, հայրական կողմի, ամուսնուս հարազատները Վարդենիսում են, աջակցություն, տեղի իշխանությունը, փորձում ենք ադապտացվել, ստեղծել մերը:
Լարիսա Խաչատրյան (Վարդենիս համայնքի 2-րդ հիմնական դպրոցի աշակերտ) - Շփումն է հետաքրքիր, օրինակներով, տարբեր կանոններով է դասը բացատրում, նպաստում, որ ավելի լավ սովորեմ:
Վարդենիսի համայնքապետարանի նոր իրավաբանն էլ Արցախից տեղափոխված Սաթենիկ Զաքարյանն է: Զինվորականի կինը դիմել, աշխատանքի առաջարկ է ստացել: Հիմա նաև ինքն է փորձում օգնել աշխատանք փնտրող արցախցիներին: Աշխատել է Քարվաճառի Քնարավան գյուղում:
Սաթենիկ Զաքարյան (Վարդենիսի համայնքապետարանի իրավաբան) - Շատ դժվար է գոհացնել մարդկանց, որովհետև իրենց կորուստը շատ մեծ է, այնուամենայնիվ, փորձում ենք օգնել: Իրավական առումով էլ, եթե իրավական խնդիր, փորձում ենք աջակցել, անվճար:
Այս պահին Վարդենիսում բնակվում է մոտ 200 արցախցի: Համայնքապետարանը փորձում է աջակցել նրանց՝ գտնել աշխատանք:
Արամ Մելքոնյան (Վարդենիս համայնքի ղեկավար) - Ունենք մոտ 200 բնակիչ, փոփոխական է, արդեն 20-ից ավելի մարդ, նշանակում է, որ 20 ընտանիքից մեկական մարդ գտել է աշխատանք: Հաստիքներ կան, որ մրցույթ ենք հայտարարելու:
Կառավարությունը հաստատել է արցախցիների ժամանակավոր զբաղվածության երկու ծրագիր՝ մեկը մասնագիտական պրակտիկան է. քաղաքացիները կարող են առաջինը փորձ ձեռք բերել, նաև վարձատրվել դրա համար:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Յուրաքանչյուր պայմանագրի տևողությունը երեք ամիս է: Այդ երեք ամսվա ընթացքում արցախցիները կստանան 100 հազար դրամ մաքուր եկամուտ, իսկ գործատուները կստանան բոլոր հարկերը, փոխհատուցումը 100 հազար դրամի հետ կապված:
Ինչպես նաև մասնագիտական պրակտիկա իրականացնող աշխատակցի համար պետությունը կվճարի 34 հազար դրամ: Համայնքի բարեկարգում, վերանորոգում, ձնամաքրման աշխատանք. սա արդեն հաջորդ՝ վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագիրն է. երկուսի դեպքում էլ պետք է դիմել զբաղվածության տարածքային կենտրոն: Հունվարի 13-ից հնարավոր կլինի դիմել նաև օնլայն՝ employment.am հասցեով:
Ռուբեն Սարգսյան - Յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար արցախցին կստանա 8 հազար դրամ, եթե չեմ սխալվում՝ մաքուր 6 հազար դրամ եկամուտ կստանա:
Ծրագրերի շահառուներն արցախցիներն են, որոնց բնակության վայրերը դուրս են հայկական վերահսկողությունից: Նախնական տվյալով՝ խոսքը մոտ 2000 շահառուի մասին է:
Փոխնախարար Սարգսյանը բացատրում է՝ ծրագրերը ժամանակավոր են, քանի որ կարծում են՝ Արցախում վերականգնողական աշխատանքից հետո շատերը կվերադառնան: