Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար Միլանի դատարանն իտալացի հայտնի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ նախկին պատգամավոր, «խավիարային դիվանագիտության» սկանդալի մասնակիցներից Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով չորս տարվա ազատազրկման: La Repubblica թերթը գրում է՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներից: Քաղաքական գործիչը կաշառքը վերցրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար:
Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ է առաջադրել դեռ 2016-ի հունիսին. նրան մեղադրում էին 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո կաշառքի համար: Հետաքննությունը ցույց է տվել, որ իտալացի պատգամավորը խոշոր նվիրատվություն է ստացել՝ Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Ընդհանուր առմամբ, նրան խոստացել են 10 մլն եվրո։
2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը։ Լսումների արդյունքում, սակայն, դատարանը հանել է ամբողջ գումարն ստանալու մեղադրանքը՝ ընդունելով կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը։ Լրատվամիջոցները նշում են, որ ադրբեջանցիներից վերցրած գումարը Վոլանտեն ծախսել է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար: Վոլոնտեի գործը դարձել է Եվրոպական խորհրդի պատմության մեջ ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալներից մեկը:
2013 թ․-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը, որը պատրաստել էր գերմանացի պատգամավորը: Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ՝ Վոլոնտեն ձայներ է բերել հօգուտ Ադրբեջանի։ Նա նաև ստացել է ԵԽԽՎ նախկին նախագահի աջակցությունը՝ պառակտել սոցիալիստների խմբին ու տապալել զեկույցը։ Զեկույցն, ի վերջո, մերժվել է 125 դեմ, 79 կողմ ձայնով։
Վոլոնտեի վճարումները կատարվել են բրիտանական չորս ընկերության միջոցով: Իր դեմ առաջադրած մեղադրանքներն ընդունելուց բացի, Վոլոնտեն նաև համաձայնել էր համագործակցել հետաքննության հետ և նշել էր եվրոպական մի շարք քաղաքական գործիչների անուններ, որոնք լոբբինգ էին իրականացրել Ադրբեջանի իշխանությունների համար:
Դատարանը նմանատիպ որոշումներ է կայացրել Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի վերաբերյալ, որոնք Բաքվի շահերն էին լոբբինգ անում ԵԽԽՎ-ում և դրա համար խոշոր կաշառքներ էին տալիս իտալացի քաղաքական գործչին։