Իսրայելական առաջատար իրավապաշտպան խումբն Իսրայելն ու նրա՝ պաղեստինյան տարածքների վերահսկողությունը նկարագրում է մեկ բառով՝ «ապարտեիդ» ռեժիմ, ինչը հրեական պետության առաջնորդներն ու նրանց աջակիցները խստորեն մերժում են:
Associated Press գործակալությունը գրում է, որ B’Tselem-ի զեկույցի համաձայն՝ օկուպացված Հորդանանի ափին, շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածում, բռնակցված արևելյան Երուսաղեմում և հենց Իսրայելի տարածքում բնակվող պաղեստինցիներն ավելի քիչ իրավունքներ ունեն, քան Միջերկրականի ծովի և Հորդանան գետի ափերի ապրող հրեաները:
«Մեր վերլուծության առանցքային կետերից մեկն այն է, որ սա միակ աշխարհաքաղաքական տարածքն է, որը ղեկավարվում է մեկ իշխանության կողմից: Սա ժողովրդավարություն գումարած օկուպացիա չէ: Սա ապարտեիդ է ծովի ու գետի միջև»,- նշվում է զեկույցում:
Իսրայելն իրեն ներկայացրել է որպես ծաղկող ժողովրդավարություն, որտեղ պաղեստինցիները, որոնք կազմում են 9.2 մլն բնակչության 20 տոկոսը, հավասար իրավունքներ ունեն: 1967-ի պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել է արևելյան Երուսաղեմը, Արևմտյան ափն ու Գազայի հատվածը: Սրանք այն տարածքներն են, որտեղ բնակվում է մոտ 5 մլն պաղեստինցի, և որտեղ պաղեստինցիները ցանկանում են ստեղծել իրենց ապագա պետությունը:
«Բանն այն է, որ ծովի ու գետի միջև չկա նույնիսկ մեկ քառակուսի դյույմ, որտեղ հրեաներն ու պաղեստինցիները հավասար են»,- նշվում է զեկույցում:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի ավագ խորհրդական Նաբիլ Շաաթի խոսքով՝ «Աշխարհում չկա մի երկիր, որն ավելի հստակ լինի իր ապարտեիդ քաղաքականության մեջ, որքան Իսրայելն է: Սա մի պետություն է, որը հիմնված է ռասիստական որոշումների վրա, որոնք ուղղված են հողերի բռնագրավմանը, բնիկների արտաքսմանը, տների քանդմանը և հրեական բնակավայրերի ստեղծմանը»: