ՀՀ քննչական կոմիտեում դեկտեմբերի 30-ին կասեցվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»,- 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: