Պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների պետական և պաշտոնական այցի ծրագրում, բացի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից, ներառել նաև Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությունը:
«Արցախյան երկու պատերազմները մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են: Մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար իրենց կյանքն են զոհել, ուստի Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրքը կմատուցենք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընդգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Արման Բաբաջանյանը:
Նախագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի շարքում է: