19-ամյա ժամկետային Վահանն է: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը, շրթունքի, ծնոտի ու ատամնաշարի վիրավորումով, այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել:
Վահան Պետրոսյան (Արցախյան պատերազմի մասնակից) - ԱԹՍ-ն էր մեղավորն էս ամեն ինչի:
Թշնամու ուղարկած անօդաչուին առաջինը ինքն էր նկատել, հարվածի ալիքից հետո հիվանդանոցում աչքերը բացել ու հասկացել էր՝ կյանքը դեռ առջևում է: Օրեր առաջ տղային միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն է վիրահատել, ձեռքի հյուսվածքները դեմքին տեղափոխել:
Վերքերը կամաց-կամաց լավանում են, բայց Վահանին առաջիկայում նաև բերանի խոռոչի ու շրթունքի վիրահատություն է սպասում: Պատերազմի առաջին իսկ օրերից միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը կռիվ էր տալիս իր ճակատում՝ վիրահատարանում: Երբեմն օրը 24 ժամ, միջինում՝ 8-10 բարդ վիրահատություն:
Արտավազդ Սահակյան (միկրովիրաբույժ) - Բուն պատերազմի գործողությունների ընթացքում 300-ից ավելի վիրահատություն է արվել:
Հիմա վիրահատությունների թիվը 400-ի է մոտեցել: Մեկի ամբողջովին պոկված ոտքն է վերականգնել, մյուսի՝ ձեռքերը: Տղաներին ինքնուրույն քայլելու, շարժվելու հնարավորություն տվել:
Արտավազդ Սահակյան - 45 օրվա ընթացքում հասել ենք նրան, որ վիրահատվողներից քչերի մոտ կատարվեց անդամահատում, դա շատ կարևոր է:
Բժիշկ Սահակյանը սպիտակ բանակի առաջամարտիկներից էր նաև Արցախյան առաջին պատերազմի օրերին ու ապրիլյան քառօրյային: Ասում է՝ այս անգամ պատերազմն ավելի դաժան էր, վիրավորների վնասվածքները՝ ավելի բարդ ու մահացու: Շատերին են կարողացել փրկել ու մարմնի մասերը լիարժեք վերականգնել, և այդ ամենը՝ նեղ մասնագետների հետ գործակցության շնորհիվ:
Արտավազդ Սահակյան - Կարող ենք հպարտանալ մեր բժիշկներով, անթերի կատարեցին իրենց աշխատանքը, մատների վրա կարելի է հաշվել, որ գլուխ են պահել:
Ոչ ոքի համոզելու կարիք չի եղել, առանց վայրկյան անգամ մտածելու սպիտակ բանակի զինվորներից ամեն մեկը իր դիրքում կռիվ է տվել: Ոմանք առաջին գծում՝ ռումբերի տակ, մյուսները՝ թիկունքում: Ցավոք, պատերազմի օրերին մասնագիտական պարտքը կատարող, վիրավորներին կրակի տակից դուրս բերող բժիշկներ էլ անմահացան:
Մինչև այսօր Արտավազդ Բագրատիչի հեռախոսը չի լռում, վիրավորներից շատերը զանգում են, խնդրում, որ հենց նա իրենց վիրահատի: Սովորաբար չի մերժում, միայն թե ծանր դեպքերն առաջնահերթ են: Ինչպես, օրինակ՝ Մարտունու Սոս գյուղի 25-ամյա երիտասարդի պարագայում: Պատերազմի օրերին վնասվել էր զարկերակը, նստատեղի ներվը: Այլ կլինիկաներում երկու անգամ վիրահատվել էր, բայց ներվը դեռ պարալիզված է:
Արտավազդ Սահակյան - Արդյունքը լավ կլինի, ոտքը կկարողանա հետագայում շարժել, մի տարի հետո առողջ կլինի:
Հաճախ օրը սկսում է վիրահատարանում, հերթով այցելում վիրակապված տղաներին, հետո կրկին վիրահատարան: Ահա այսպիսին է պատերազմի բժշկի առօրյան: Ով 35 տարի առաջ Հայաստանում առաջին անգամ մարմնի մասի փոխպատվաստում արեց ու «մարմնի ճարտարապետի» կոչման արժանացավ:
Արտավազդ Սահակյան - Կապ ունի իմ մասնագիտությունը թե՛ ճարտարապետության, թե՛ քանդակագործության հետ, վերականգնողական վիրահատությունը իմ տարերքն է:
Պատերազմի վերջին օրերին տարվա հիվանդությունը իրեն էլ այցելեց, բայց նույնիսկ այդ ժամանակ է վիրահատարան մտել: Ասում է՝ զինվորի կյանքը փրկել էր պետք:
Արտավազդ Սահակյան - Եղել են դեպքեր, երբ ես էլ, բուժքույրն էլ հիվանդ ենք եղել, բայց ուրիշ ելք չկար:
Լարված աշխատանքում իրավիճակը երբեմն աշխատասենյակի շախմատն է փրկում: Ծանր վիրահատություններից հետո շախմատային քայլերով է մի փոքր ցրվում:
Սպիտակ բանակի մարտիկն առաջիկա տարում պատրաստվում է անել ավելի քան 1000 վիրահատություն: Ասում է՝ տղաներից շատերին քայլելու, ձեռքը շարժելու կամ նախկին դեմքն ունենալու համար երկրորդ ու երրորդ անգամ կվիրահատի: Հիմա Հադրութում հրետանուց վիրավորված ու արդեն 8 անգամ վիրահատված Արթուրի ոտքի համար է պայքարում:
Արթուրը վստահ է՝ անվասայլակը հիվանդանոցում կթողնի, այստեղից քայլելով տուն կգնա: Ասում է՝ պատերազմը ծրագրերը չի փոխել, միայն թե նոր տարվանից կյանքը վերարժևորած է ապրելու:
Արթուր Քարամյան (Արցախյան պատերազմի մասնակից) - Շատ պլաններ ունեմ, սեղմ ժամկետներում կանեմ:
Մինչև ամեն մի հիվանդասենյակում տղաներն իրենց ապագայի ծրագրերն են որոշում, միկրովիրաբույժը կրկին իր զենքերն է վերցնում ու իր մարտադաշտում պատերազմի թողած հետքերը վերացնում:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան