Սյունիքից ու Գեղարքունիքից վերադարձած Արման Թաթոյանն այցերն ամփոփում է անհնագստության նոտայով։ Սահմանազատման գործընթացը մեխանիկական մոտեցմամբ է կատարվում, ինչի հետևանքով խախտվում են այդտեղ ապրող բնակիչների իրավունքները՝ տեսածն այսպես է բնորոշում օմբուդսմենն ու Շուռնուխ համայնքի բնակչի տան օրինակով ներկայացնում իրավիճակը։
Գուգլի քարտեզով սահմանազատում իրականացնելը մարդու իրավունքների պաշտպանը համարում է ոչ այնքան ճիշտ ընտրություն, ասում՝ տեղում իրենց սեփական ուսումնասիրությունն են արել: Շրջայցերի արդյունքում օմբուդսմենի թիմը նաև արձանագրել է, որ բնակիչները զրկվել են կադաստրով իրենց պատկանող տուն-տեղից, հողատարածքից։ Բայց, ամենաշատը, Թաթոյանին մարդկանց ֆիզիկական անվտանգությունն է հուզում։
Այս հարցերի լուծման բանաձևը օմբուդսմենը, թեև, չունի, բայց հավաքած խնդիրների տրցակն արդեն փոխանցել է կառավարությանը։ Մի բաց էլ է նկատել՝ իրավական առումով դեռ չկարգավորված ոլորտներ կան, որոնք առնչվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհատվածներին։
Թաթոյանի ուշադրության կենտրոնում է նաև Ադրբեջանում գտնվող այն 62 շիրակցու ճակատագիրը, որոնց ձերբակալել են պատերազմից հետո ու հարևան երկրում մեղադրանք առաջադրել։ Դեռ անցած տարեվերջին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նամակ էր հասցեագրել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ նշելով, թե իբր հայ զինծառայողներն ահաբեկչական նպատակներով են ուղարկվել Ադրբեջան։ Թաթոյանն ասում է՝ Բաքուն ոտնահարում է ոչ միայն մարդու իրավունքները, այլև խախտում միջազգային կոնվենցիաները։
Հայաստանի օմբուդսմենը վստահ է՝ բոլոր գերիներին վերադարձնելու գործընթացի ձգձգումը Ադրբեջանը միտումնավոր է անում՝ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: