ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունվարի 12-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Ըստ հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի՝ առաջարկվում է անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում նշել երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ սահմանվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը: Մի շարք հոդվածներում փոփոխությամբ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
Կառավարության եզրակացությունը բացասական չէր: Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Օրինագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Հիմնական զեկուցողի առաջարկով մինչև երկամսյա ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: