«Մեզմե»՝ արևմտահայերեն նշանակում է մեզանից: Այդ անունով խորտկարանն արդեն մեկուկես ամիս է՝ Ստամբուլի բնակիչներին հնարավորություն է տալիս վայելելու Մուսա Լեռան և Պոլսի հայկական, ինչպես նաև այլ մշակույթների խորտիկները կամ, ինչպես այստեղ է ընդունված այն անվանել՝ մեզեները։ Խորտիկները պատրաստվում են հնագույն բաղադրատոմսերով, որոնք պահպանել է Էստուկյան ընտանիքը։
Ուտեստների պատրաստման եղանակը որոշվում է Էստուկյանների ընտանեկան բաղադրատոմսերի տետրակով: Սասուն Էստուկյանի նախաձեռնությամբ ընտանեկան հավաքույթներին պատրաստվող ուտեստներն արդեն զարդարում են նաև ստամբուլցիների ամանորյա սեղանները։
Բաղադրատոմսերը տարիներ շարունակ խնամքով հավաքած և գրի առած Սետա Էստուկյանը պատմում է, որ որոշումը հստակ էր՝ ուտեստները պատրաստել ընտանեկան եղանակով, չնայած Ստամբուլում շատերի քիմքին խորթ էր լինելու։
Էստուկյանը վստահեցնում է, որ մարդկանց արձագանքները դրական են, և հետաքրքրությունը մեծ է։ Չնայած կորոնավիրուսի հետևանքով կիրառվող սահմանափակումներին՝ «Մեզմե» անունն արդեն դարձել է Ստամբուլի լավագույն խորտիկների, մեզեների հասցեներից մեկը։
Հիմնադիրները հույս ունեն, որ նոր տարում կորոնավիրուսի հավանական խստացումները չեն խոչընդոտի մեզեների պատրաստմանն ու առաքմանը։