«Հրադադարի եռակողմ հայտարարությունից երկու ամիս է անցել, և այսօր հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարների հանդիպումը վկայում է այն մասին, որ մենք տրամադրված ենք դեպի արդյունքները, որպեսզի անդրադարձ արվի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին: Այսօր ստորագրված հայտարարությունը վկայում է մեր մտադրությունների մասին, որովհետև հրադադարի հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն էր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Դա այն ոլորտն է, որը կարող է տարածաշրջանի զարգացմանը մեծ դինամիկա հաղորդել և ամրապնդել անվտանգությունը, քանի որ տրանսպորտային հաղորդակցության բացումը համընկնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների և մեր հարևանների շահերին: Վստահ եմ, որ հարևան երկրները նույնպես կնեգրավվեն տրանսպորտային միջանցքների և մեր տարածաշրջանում ճյուղավորված տրանսպորտային համակարգի ստեղծման մեջ: Մենք պետք է այսուհետև ևս ձգտենք գտնել գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք կհանգեցնեն արագ արդյունքների»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունն իրականացվում է արդյունավետ: «Հայտարարության կետերի մեծ մասն արդեն իրականացվել է: Ռուս խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն է իրականացնում իր աշխատանքը, և երկու ամսվա ընթացքում, չհաշված փոքր միջադեպերը, լուրջ անհանգստության առիթներ չեն եղել: Այս ամենը հույս է ներշնչում, որ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրին էր նշում, ԼՂ հակամարտությունն անցյալում է, և պետք է մտածել ապագայի մասին: Այն մասին, թե ինչպես ապրել միասին՝ հարևանությամբ, ինչպես ապաշրջափակել տրանսպորտային երակները, և ապագայում ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է նա: