Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը վրացական ընդդիմությունն անվանել է հերթական քաղաքական «հնարք»՝ գրում է INTERFAX-ը:
«Իվանիշվիլին մի անգամ արդեն հայտարարել է այդ մասին, բայց այդպես էլ չհեռացավ քաղաքականությունից, զբաղեցրեց իր սովորական տեղը կուլիսների հետևում: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իր «Վրացական երազանք» կուսակցության հետ չի թողնի քաղաքական ասպարեզը»,- երկուշաբթի լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան էլ կարծում է, որ Իվանիշվիլին «չի հեռացել, այլ փախել է քաղաքականությունից՝ վախենալով երկրում ընթացող ճգնաժամային իրադարձությունների պատասխանատվությունից»:
«Բացարձակ անպատասխանատվություն է, երբ ութ տարի ղեկավարում ես երկիրը, այն հասցնում լիակատար փլուզման ու հպարտորեն հայտարարում, որ հեռանում ես քաղաքականությունից»,- լրագրողներին ասել է Ուգուլավան:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր առաքելությունն ավարտված է համարում, և վերջնական որոշում է կայացրել քաղաքականությունից հեռանալու մասին: