Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է որոշումը: Պատգամավորի խոսքով՝ այդ քայլին գնալու համար ունեցել է պատճառներ, որոնք այս պահին դեռևս մտադիր չէ ներկայացնել: Հովսեփյանը նշել է՝ պատրաստ է եղել խմբակցությունը լքել անմիջապես պատերազմից հետո, սակայն հասկանալով երկրում ծառացած խնդիրները՝ որոշել է սպասել:
Պատգամավորն անդրադարձել է նաև 17 քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը: Հարցին՝ հնարավո՞ր է իր քվեով աջակցի 17 կուսակցություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու հարցում՝ Հովսեփյանը պատասխանել է. «Ամենևին, և ավելին՝ մինչև խմբակցությունից դուրս գալը ես այդ մասին արդեն իսկ խոսել եմ, և որևէ կերպ որևէ մեկը, ես վստահ եմ, ո՛չ քայլ կանի ինձ հետ քննարկելու, ոչ էլ քայլ կանի իմ որոշումից հետո քննարկելու, որովհետև բացառում եմ իրենց օրակարգը և վարչապետի իրենց թեկնածուին: Եվ ես հստակ այդ մասին խոսել եմ»: