Շտապօգնության ծառայության կանչերի առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդությունները և վնասվածքները: 4068 կանչով ավելի քիչ ենք սպասարկել վնասվածքներով հիվանդներ, քան 2019 թվականին: Սուր շնչառական հիվանդություններով հիվանդների թիվը 13.735 է: Ինչ վերաբերում է քովիդով պայմանավորված կանչերին, ապա սպասարկել ենք 15.420 կանչ, առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ եղել է 2580 կանչ, իսկ նվազագույնը՝ օգոստոսին՝ 864 կանչ: Այս մասին այսօր տեղեկացրեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է ամանորյա օրերին, ծառայության տնօրենը տեղեկացրեց՝ այս տարի դրանք անցել են ավելի հանգիստ՝ անցած տարվա համեմատ:
«Սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցած տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533: Հիվանդանոց է տեղափոխվել 1344 հիվանդ, որը 435-ով ավելի քիչ է, քան անցած տարի: Նվազել են և՛ մանկական կանչերը, և՛ հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը: Սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել: Ալկոհոլային թիվը կազմել է 27 հոգի, որոնցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց»,- տեղեկացրեց Թագուհի Ստեփանյանը:
Շտապօգնության ծառայության տնօրենն ընդգծեց՝ իր ներկայացրած թվերն ընդգրկում են դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածը: