Փաշինյանի օդանավը Ռուսաստանում վայրէջք կատարեց Երևանի ժամանակով կեսօրն անց։ Այցն աշխատանքային է, Հայաստանի վարչապետը Մոսկվայում է Վլադիմիր Պուտինի հրավերով։
Հայաստանի, նաև Ադրբեջանի ղեկավարներին դիմավորեց Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Օդանավայականից նրանք Կրեմլ ուղևորվեցին, որտեղ էլ Փաշինյանն ու Ալիևը Պուտինի հետ նստեցին կլոր սեղանի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է։ Մինչև փակ դռների հետևում քննարկման անցնելը հրավիրող կողմը նախ շեշտել է՝ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները հանգեցրին մարդկային մեծ կորուստների, սրեցին առանց այն էլ տարածաշրջանային բարդ իրավիճակը, մեծացրին ահաբեկչության ռիսկերն ու տարածումը։ Պուտինը հիշեցրել է, որ կրակի դադարեցման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հնարավոր եղավ հասնել ռուսական ջանքերի շնորհիվ, որին դրական արձագանքեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - «Հենց մեր ընդհանուր ջանքերի, ինտենսիվ և, ինչպես դուք հիշում եք, գիշերային հեռախոսային բանակցությունների արդյունքում նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարությունը, որը մենք ստորագրեցինք։ Այդ բազային փաստաթղթում առաջին հերթին խոսվում է ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու, ռուս խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու մասին և, որն առավել կարևոր է, պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը արդյունավետ օգնության տրամադրելու համար, որ նրանք վերադառնան բնականոն կյանքին»։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն իր բոլոր քայլերում միտված է եղել հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքներին, և ռուսական կողմը շարևունակում է պարբերաբար համաձայնեցնել քայլերը համանախագահող երկրների հետ։ Պուտինի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում Իրավիճակն այժմ հանգիստ է։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Ռուսաստանի ղեկավարը նկատել է․
Վլադիմիր Պուտին - «Այսօր կարելի է գոհունակությամբ արձանագրել որ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է։ Մեր համոզմամբ՝ դա ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ հնացած հակամարտության երկարաժամկետ և բազմակողմ կարգավորման համար, որը կլինի արդարացի հիմքով հայ, նաև ադրբեջացի ժողովուրդների համար»։
Հրադադարի ռեժիմը և տեղաշարժի անվտանգությունը ռուս խաղաղապահ զորախումբը վերահսկում է՝ բացման խոսքում նշել է Պուտինը։ Ըստ նրա՝ ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտորդական կետ, ևս 4 հավելյալ անցակետեր ապահովում են Լաչինի «միջանցքով» երթևեկությունը: