Առաջին հայացքից այս կադրերում հայկական ավանդական ընտանիք է, որ պարզապես լուսանկարվում է: Իրականում այս ֆոտոսեսիան Հադրութում զոհված Ներսես Մովսեսյանի «վերադարձի» համար է: Եղբոր վերադարձն իր բալիկների, ծնողների, սիրելի կնոջ մոտ Վարդգեսը միայն այսպես կարող էր ապահովել:
Եղբայրները վաղուց էին ծրագրել իրենց ավանդական, հայկական, մեծ ընտանիքով իսկական ընտանեկան լուսանկար ունենալ: Մանր-մունր խնդիրների պատճառով անընդհատ հետաձգել էին, իսկ պատերազմն այնպիսի կորուստ պատճառեց, որ լուսանկարն այլևս երբեք նույնը չէր կարող լինել: Չէ, որոշեց Վարդգեսը, եղբայրներով ծրագրած ամեն ինչ ինքը կշարունակի:
Վարդգեսի մտահղացմամբ Մարաշլյան լուսանկարչատանն առաջին անգամ են նման բան անում. Վարդգեսը մեկ իր փոխարեն է նկարվում, մեկ՝ եղբոր: Ընտանեկան լուսանկարում բոլորը պետք է ներկա լինեն՝ ասում է նա: Մնացածը վարպետների գործն է: 21-րդ դարում ֆոտոշոփը շատ հնարավորություններ է տալիս: Միայն թե եղբոր փոխարեն լուսանկարվելիս Վարդգեսի ոտքերի տակ մի քանի իր են դնում, դե Ներսեսը շատ բարձրահասակ էր: Վարդգեսի դեմքին ժպիտ էլ չկա, ախր Ներսեսը շատ ժպտերես էր: Անգին եղբոր կորուստը Վարդգեսի ժպիտը խլել ու հատկապես այս պատասխանատու պահին միայն աչքերի կարմրությունն է ավելացրել:
Վարդգես Մովսեսյան, Ներսես Մովսեսյանի եղբայրը, բժիշկ - Ցանկացած կորուստ անդառնալի է, բայց կան ամոքվող և անամոքելի ցավեր, սա անամոքելի ցավ է: Վերջերս երազիս մեջ տեսա եղբորս, շատ էի ուզում ասել և հասցրի, ասացի՝ ողբայր, գիտես չէ՞, որ քեզ մայրիկից ու հայրիկից շատ եմ սիրում: Ինքը գիտի, թե ես նրանց ինչքան եմ սիրում, ուզում էի, որ իր հանդեպ սերը ևս կարողանա կշռել ինչ-որ կերպ՝ համեմատելով իմ ծնողների սիրո հետ:
Ներսեսը կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում, մասնակցել ամենածանր մարտերին: Եվ երբ արդեն վիրավոր էր ու մահվան շեմին, կրտսեր եղբայրը, որ բժիշկ է ու նույնպես կամավոր էր, այլ վիրավորների կյանքեր էր փրկում:
Վարդգես Մովսեսյան - Այդ նույն պահին, երբ ես ուրիշ վիրավոր էի փրկում, զոհվեց իմ եղբայրը: Երբ ինձ ասացին, Երասխ էինք հասնում մեր վիրավորի հետ, ես չմեռա, բայց մահացա: Ես այդ պահին հասկացա, որ կորցրեցի իմ կյանքի ամենագլխավոր մարդուն:
Ներսեսն ընտանիքով Սիսիանում էր ապրում, Վարդգեսը ծնողների հետ՝ Երևանում, բայց արմատներով Հադրութից են: Բժիշկ եղբայրն ասում է՝ չգիտեմ, Աստծո կամքով էր, թե հողի կանչով, որ Ներսեսը հենց այդ հողին իր կյանքը նվիրեց: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ հայրն է կամավոր եղել, պատերազմից վերադարձել երկրորդ կարգի հաշմանդամ դարձած:
Վարդգես Մովսեսյան - Եղբայրս իրավունք ուներ, եթե նույնիսկ կանչեին, չգնալու, քանի որ ուներ մեր հոր օրինակը, իմ հոր արյունը դեռ այդ հողի վրա է, այդ նույն խրամատում, և հայրենասիրությունն այստեղ է երևում: Իմ հայրն արցախյան առաջին պատերազմի մասնակից է և երևի թե տեղն է, որ պետք է ասեմ. 30 տարի արդեն ընտանիքը գտնվում է ՊՆ բնակարանային հերթում և հերթն այդպես էլ չհասավ, իսկ մարդիկ, ովքեր պատերազմի դաշտից իսկապես փախել են, կարող էին ստանալ հերթական բնակարանը, որն իրենց համար 4-րդն էր, 7-րդն էր:
Տիկին Մելանյան արցունքները կոկորդում խեղդում է ու ներողություն խնդրում, եթե հանկարծ հույզերը տեղի են տալիս: Իմ վիշտն իմն է՝ ասում է, ես պիտի տանեմ ու պատմում, թե ինչպես է որդին թշնամուն բազմաթիվ կորուստներ հասցրել, տանկեր, զենք բերել:
Մելանյա Դավթյան, Ներսես Մովսեսյանի մայրը - Տեսնում են երկար ժամանակ Ներսեսս չկա, գալիս է, նստում է տանկը, մյուսն էլ կապում, հետևից բերում: Արփինեն ասել է՝ արդեն 20 օր անցել է, երեխաները կարոտել են, վեր կաց, տուն արի, ասել է՝ ո՞նց գամ ախր, 18-20 տարեկան երեխեքին ո՞նց թողնեմ գամ: Նա սխալ բան չի արել, նա գնացել է հանուն հայրենիքի:
Տիկին Մելանյայի ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամությամբ, 70 տարեկանում, և ընդամենը 20 օր առաջ վիրահատություն տարած վիճակում նորից կամավորագրվել էր, չեն կանչել: Հայրն էլ է կարծում, որ Ներսեսը սխալ բան չի արել:
Պյոտր Մովսեսյան, Ներսես Մովսեսյանի հայրը - Ինքը երևի մտածել է՝ թուրքն ինչ շուն է, որ գա մեր բակ:
Մտերիմ ընկերը նայում է լուսանկարին ու չի կարողանում արցունքները զսպել: Երազում հաճախ է տեսնում: Այնտեղ էլ իրենց խնդիրներից են խոսում, բայց միշտ՝ ժպիտը դեմքին:
Հարություն Պետրոսյան, Ներսես Մովսեսյանի ընկերը - Քաշով մեկ ոսկի էր: Ես միայն ընկեր չեմ կորցրել: Ինքն ինձ համար ամեն ինչ էր, նման տեսակի մարդ շատ քիչ կա այս աշխարհում:
28 տարեկանում այրիացած Արփինեն հիմա գլուխն ավելի բարձր է քայլելու: Ներսեսն իր կյանքով ու հերոսությամբ է կնոջը տվել այդ արտոնությունը:
Արփինե Մնացականյան, Ներսես Մովսեսյանի կինը - Իմ հերոսն է, ես հպարտ եմ, որ հենց իր կինն եմ: Շատ նպատակներ, երազանքներ ուներ: Առաջին նպատակն իր ձեռքերով տուն կառուցելն էր իր որդու համար, կիսատ մնաց:
Արփինեն ոչ էլ տեղյակ էր, որ տեգրը, առանց իր հարցազրույցը լսելու, մեզ պատմել էր, որ եղբոր կիսատ թողած տունն ինքն անպայման կառուցելու է: Եվ բոլոր կիսատ թողած գործերն է ավարտելու: Մինչև տիկին Մելանյան աղոթում է, որ աշխարհի բոլոր բառարաններից վերանա պատերազմ բառը, կյանքի խորհրդանիշ նուռը, պատահակա՞ն էր, թե՞ ոչ, ընտանիքի անդամների ձեռքին պտտվելուց հետո, լուսանկարվելու պահին հենց Գոռի ձեռքին է հայտնվում: Նա՛ է շարունակելու Ներսեսի ընտանիքը: Ներսեսն էլ ոչ միայն հարազատների սրտերում միշտ կապրի, այլ նաև ընտանեկան լուսանկարում նրան բացակա չեն դնի: