Կդառնա՞ տարածաշրջանում Հայաստանը տարանցիկ գոտի, թե՞ ոչ, որոշվում է պատմության այս փուլում: Սա արտահանողների միության նախագահի կարծիքն է: Հիմա տարածաշրջանում տարանցիկ լինելու հնարավորությունից և արտոնություններից օգտվում է միայն Վրաստանը:
Ռաֆֆի Մխչյան, արտահանողների միության նախագահ - Մեր նավային բեռները գալիս են Փոթի նավահանգիստ, Ադրբեջանի բոլոր բեռները գալիս են Փոթի նավահանգիստ, երկուսիս բեռներից օգտվում է Վրաստանը և բավականին մեծ գումարներ է գանձում: Բավականին մեծ մուտքեր է ապահովվում իր պետական բյուջե:
Ինչո՞ւ Հայաստանը չօգտվի նման հնարավորությունից, առավել ևս, երբ մեր տարանցիկ աշխարհագրական դիրքը բեռնափոխադրումների համար ավելի ձեռնտու է սահմանակից երկրներին: Հայաստանը գտնվում է այնպիսի մի խաչմերուկում, որն անտեսելն անհնար է՝ ասում է արտահանողների միության նախագահը: Ռաֆֆի Մխչյանը բոլորին կոչ է անում պատմության գոնե այս փուլում առաջնորդվել խելքով, ոչ թե զգացմունքներով:
Ռաֆֆի Մխչյան - Մենք դարպասն ենք ամբողջ Կովկասի: Մենք պետք է օգտվենք այս ամենից:
Արտահանման տեսանկյունից Ադրբեջանի հետ ենթակառուցվածքների վերականգնումը կարող է լինել որպես այլընտրանքային ճանապարհ՝ հատկապես այն դեպքում, երբ տարվա մեջ մի քանի անգամ Լարսի անցակետը փակվում է՝ համոզված է գործարարը:
Ռաֆֆի Մխչյան - Այսօր ռեալ ալտերնատիվ է ծվել: Դա կարող է լինել Լարսի ալտերնատիվը:
Մեկ այլ գործարար ֆերմերի մտահոգում է, որ հայ արտահանողները մրցունակ չեն լինի ադրբեջանցիների հետ և ամեն անգամ նրանց ստեղծած արհեստական խոչընդոտների հետևանքով դուրս կմնան արտահանման շուկայից:
Հարություն Մնացականյան, գործարար-ֆերմեր - Ինձ թվում է՝ առնվազն մի քանի անգամ Ադրբեջանում կթալանվեն հայկական բեռնատարները, գործ կհարուցվի և, բնականաբար, չեն հայտնաբերվի թալանողները: Որոշ ժամանակ հետո Ադրբեջանն իր պետական շահերից ելնելով՝ մեր երկրին առաջարկելու է, որ նման խնդիրներ չունենաք՝ եկեք օգտվեք մեր տրանսպորտային միջոցներից:
Բացի այդ, ըստ գործարարի, նրանք կառաջարկեն բեռնափոխադրման ավելի ցածր գին: Գործարարը մտահոգված է, որ Ադրբեջանի համար հասանելի կլինի Հայաստանից արտահանվող ապրանքների մասին ամբողջ տեղեկությունը:
Հարություն Մնացականյան - Հայաստանից Պարսկաստան գրեթե չի ստացվում արտահանում անել, քանի որ այնտեղ խոշոր սուպերմարկետների տերերն ադրբեջանցիներ են, և Հայաստանից ինչ ապրանք մտնում է՝ հիմնականում Ատրպատականում գտնվող տրանսպորտային ընկերություններն ինֆորմացիան հասցնում են տեղ: Մենք ինչ արտադրում ենք, շատ արագ նրանք արտադրում են և մեզ շուկայից հանում են դուրս:
Անլուծելի խնդիր չկա՝ ասում է արտահանողների միության նախագահը: Այս պահին Մխչյանը ցանկանում է, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների համար դառնա տարանցիկ երկիր:
Ռաֆֆի Մխչյան - Եթե թուրքն Ադրբեջան ապրանք պիտի ուղարկի, թող ուղարկի Հայաստանի միջոցով, թող մեր բյուջեին գումար վճարեն իր մեքենաները, թող անցնեն մեր հողով: Եթե մենք ամսվա կտրվածքով ուղարկում ենք, ենթադրենք, 1000 մեքենա Ռուսաստանի Դաշնություն, ես վստահ եմ՝ մոտ 10 000 մեքենա ելք է լինում Թուրքիայից, որն անցնում է Հայաստանով:
Արտահանողների միությունում կոչ են անում չքաղաքականացնել բիզնեսը: