Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում՝ հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
«Հետևաբար Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն, կնքված, ստորագրված) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։
Բացի թեստի արդյունքից՝ Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում)»,- ասված է հայտարարության մեջ: