Հայաստանի հավաքականի և արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հնարավորություն ունի կարիերան շարունակել «Ռիվեր Փլեյթում»՝ հայտնում է Еlcrackdeportivo.com.ar-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստին արգենտինական գրանդը դիտարկում է որպես իր կազմն ամրապնդելու առաջնային տարբերակներից մեկը։ «Միլիանատերերը» փոխարինող են փնտրում իրենց հիմնական հարձակվող Լուկաս Պրատոյին, որը վարձակալությամբ տեղափոխվել է «Ֆեյենորդ»։
«Ռիվեր Փլեյթի» անվանի գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն վաղուց հետևում է Բալեկյանի խաղին և անձամբ կարողացել է այն դիտել Դիեգո Մարադոնայի անվան գավաթի մրցաշարում։
Աղբյուրը նաև նշում է, որ Նորբերտոյին ձեռք բերելու համար «Ռիվեր Փլեյթը» պետք է շտապի, քանի որ վերջին ամիսներին «Ուրականը» եվրոպական շատ ակումբներից առաջարկներ է ստանում տրանսֆերի վերաբերյալ։
Հայտնի է դարձել, որ հետաքրքրություն ցուցաբերողներից մեկը հենց «Ֆեյենորդն» է։