Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում համալրման անհրաժեշտություն կա: Հանրային քննարկման ներկայացված նախագծում շեշտվում է՝ աշխատանքը եռապատկվել է: Հանձնաժողովի նախագահը վկայակոչում է «Կուսակցությունների մասին» օրենքը:
Հայկուհի Հարությունյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ - Մասնավորապես, արդեն կուսակցությունների ղեկավար մարմինների և դրանց թվին դասվող անձանց հայտարարագրման պարտավորության և կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների ստուգման գործընթացքում մասնակցության տեսանկյունից:
2020 թվականի ընթացքում միջազգային դոնորների օժանդակությամբ հանձնաժողովը վարձել է միջազգային փորձագետներ: Այս տարի նույն ծավալով շարունակել չեն կարող, առավել արդյունավետ կլինի օրենքով սահմանված կարգով ունենալ նոր հաստիքացուցակ:
Հայկուհի Հարությունյան - Հայտարարագրման մասով օրենսդրական փոփոխությունների հիման վրա արդեն ավելացավ նաև ծախսերի հայտարարագրման հատվածը, ինչը ևս ավելացրեց իրականացվող աշխատանքի ծավալը: Ճիշտ է, այդ գործառույթն ամբողջ ծավալով իրականացնել կլինի ավելի ուշ, բայց հենց այդ նպատակից ելնելով էլ հանձնաժողովը որոշեց նախապատրաստվել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարվա մայիսից 45 պետական պաշտոնի ենթակա թեկնածուի վերաբերյալ իրականացրել է բարեվարքության գնահատում:
Հայկուհի Հարությունյան - Առաջին խումբ անձինք 23-ն էին թվով, թեկնածուներն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանված արդեն թեկնածուների մասով, և այդ գնահատման շրջանակներում բարեվարքության տրված եզրակացությունների մեջ առաջին անգամ նաև հանձնաժողովն ունեցավ բացասական եզրակացություններ:
Եզրակացություններից մեկում օգտագործված տվյալները փաստացի չեն համապատասխանել պաշտոնական տվյալներին և դատախազության դիմումի հիման վրա պատրաստվել են նյութեր՝ հնարավոր քրեական պատասխանատվության հարցը որոշելու համար: Հանձնաժողովը գնահատել է նաև ՍԴ դատավորի, ԲԴԽ անդամի թեկնածուների բարեվարքությունը:
Հայկուհի Հարությունյան - Վերջին խումբը 2020 թվականի համար դատավոր թեկնածու հավակնորդների մասին էր, թե ինչպես կօգտագործվեն արդյունքներն առաջիկայում: Ինձ թվում է և՛ մենք, և՛ հանրությունը հնարովորություն կունենա տեղեկանալ արդեն ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների հիման վրա:
Առաջիկայում հանձնաժողովի դիտակետում նոր պաշտոնյաներ կլինեն: Բայց մինչև այդ, Հայկուհի Հարությունյանն ակնկալում է, որ քննարկման դրված նախագծի ընդունումով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը կարելի է դարձնել առավել արդյունավետ: