Առավոտից մարդիկ պարկերով ու ծանր տոպրակներով են դուրս գալիս Չարենցավանի համայնքապետարանից: Մարզում սկսվել է ՄԱԿ-ի օգնության տրամադրումը: Ալյուր, ձեթ, ոսպ, մսի պահածո՝ սննդի փաթեթ ստացողների մի մասը մինչև 5 տարեկան երեխա ունեցող անապահով ընտանիքներն են:
Լուսինե Հայրապետյանը, ի տարբերություն հերթում կանգնած երիտասարդ մյուս մայրիկների, Կոտայքից չէ, այլ Արցախից: Մարզում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները նույնպես ընդգրկված են օգնության այս ծրագրում: Պահեստի վերածված տարածքի մի անկյունում ՄԱԿ-ի ալյուրն է, մյուս հատվածում՝ Կարմիր Խաչից մինչև Վորլդ Վիժընի, դանիական բարեգործական առաքելության և այլ աջակիցների հատկացրած ապրանքները:
Սաթենիկ Բալաբեկյան, Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ - Կարողացել են այս ընթացքում մեր համայնքում գտնվող 3000 բնակչի տալ այն ամենը, ինչ կարողացել են՝ սկսած հիգիենայի պարագաներից մինչև սնունդ:
Իրենց տներ վերադառնալ չկարողացող մոտ 1000 շուշեցիներին, թալիշցիներին, հադրութցիներին այստեղ՝ ՄԱԿ-ի պարենին զուգահեռ շարունակում են առաջին օգնության փաթեթներ տալ: Նաև՝ տեղահանման առաջին օրերից խնդրած ծալովի մահճակալ ու անկողնային պարագաներ:
Նաիրա Թորոսյան, Չարենցավանի համայնքապետարանի աշխատակից - Ով որ դիմել է, հիմա նրանց հասնում է:
ՄԱԿ-ի սնունդը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5-ական կգ ալյուր է, ոսպ: Տեղում կշռում-տրամադրում են: Խոշորացված իրենց Չարենցավանում՝ հարակից 5 գյուղով, 813 ընտանիք է օգնություն ստանալու, շահառուների երկու խումբ ունեն՝ ներկայացնում է սոցիալական աջակցության տեղի պատասխանատուն:
Նորայր Կարապետյան, Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ - Ընտանիքներ են, որտեղ կան և՛ Չարանցեվանում հաշվառվածներ, և՛ Արցախցից ժամանակավորապես տեղահանվածներ:
Մարդկանց ըստ թաղամասերի են կանչում, որ կուտակումներ չլինեն՝ բացատրում են համայնքապետարանում: Վստահեցնում՝ հերթը միայն առաջին օրն է մեծ լինում, օժանդակությունն արագ կհասնի կարիքավորներին:
Սուրեն Մուրադյան, Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար - Մինչև շաբաթվա վերջ ամբողջությամբ կտրամադրվի:
Կոտայքի ամբողջ մարզում ՄԱԿ-ի պարենային այս օգնությունը կհասնի մոտ 20 հազար մարդու: