Օտարերկրյա ընկերություններին թույլ չի տրվի Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա՝ հայտարարել է նախագահ Հասան Ռուհանին: Ավելի վաղ երկրի գերագույն ղեկավարն արգելել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ ասելով, որ դրանք «բոլորովին անվստահելի են»: Այս մասին հայտնում է france24-ը:
«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռուհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ:
«Մեր ժողովուրդը չի լինի փորձարկման օբյեկտ՝ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների համար»,- հավելել է Ռոհանին: «Մենք ձեռք կբերենք օտարերկրյա անվտանգ պատվաստանյութեր»:
Արձագանքելով Իրանի գերագույն առաջնորդի արգելքին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը շեշտել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս կոչեր է արել «չքաղաքականացնել վիրուսը»: