Հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանին իր ինքնության բացահայտման ճանապարհը տարել է դեպի մեր դյուցազնավեպը, «Սասունցի Դավիթ» էպոսը կամ, ինչպես ինքն է նախընտրում, Ջոջաց տան գիրքը:
«Սասնա ծռերի» համահավաքի տարիների ուսումնասիրությամբ նա պարզել է մեր հարատևության Էպոսի գաղտնագրերը, գլխավոր ուղերձներն ու ազգային գաղափարախոսության հիմքերը:
Ազգային կենսունակության ուժը, որ խտացել է էպոսի տարբեր մշակումներում, պատմության ամենաօրհասական փուլերում, ոգեշնչել է ոչ միայն մեր ժողովրդին, այլև ազգային մշակույթի մեծերին:1939-ին՝ էպոսի 1000-ամյակի առիթով, ռուսերեն ակադեմիական հրատարակության պատկերազարդումն Օրբելու ընտրությամբ կատարեց Երվանդ Քոչարը:
Երկիրը խեղդված էր ստալինյան բռնապետության, մատնությունների ու կեղծիքի մեջ, իսկ Քոչարի հզոր էպիկական շարքը՝ 7 հարթաքանդակներով, բացում էր մեր հոգեկերտվածքի և ազատաբաղձության գաղտնագրերը, որ հատկապես այսօր խիստ արդիական են:
Տիեզերավեպը ժամանակին խիստ ոգեշնչել է նաև Հայկի հայրիկին՝ գեղանկարիչ Արշավիր Կիրկոսյանին, դարձել նրա տարբեր տարիների գործերի անփոփոխ թեման: Հայկի գնահատմամբ՝ Ջոջաց տան արժեհամակարգը, այն ինչ հազարամյակներով խտացրել, բյուրեղացրել է հայկական հավաքական միտքը, այսօր կարող է որպես պետության մոդել ծառայել հայությանը, այն է՝ երկիրն ու պետությունը ղեկավարել ինչպես տունդ ու ընտանիքդ ես ղեկավարում:
Իսկ էպոսի ամենախորհրդավոր ու ողբերգական պատումի՝ Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելու առիթով հեքիաթասացը դարձյալ հղում է անում դյուցազնավեպում ամբարված ժողովրդական կենսափորձին՝ համայն հայությունն անելիք ունի:
Հետպատերազմական ցնցումների մեջ գտնվող Հայաստանին էպոսը փրկության ծածկագրեր ու կենսական լիցքեր է հուշում. հստակ ու հասցեագրված յուրաքանչյուրին՝ Ագռավաքարից դուրս գալու և հողը պնդացնելու ժամանակն է: