Ժամկետային Յուրա Ալավերդյանը հերոսաբար ավարտեց զինծառայությունն ու հունվարի 10-ին տուն վերադարձավ: Նա Արցախի հերոս է:
Յուրա Ալավերդյան, Արցախի հերոս - Կյանքդ վտանգի տակ է, բայց դու քո կյանքի մասին չես մտածում: Աչքերիդ առաջ գալիս է միայն խոցելու ցանկություն:
Աննա Ալավերդյան, Արցախի հերոս Յուրա Ալավերդյանի մայրը - Հպարտ եմ, կուզեի զոհեր չլինեին:
Ծառայել է Հադրութում, պատերազմի ժամանակ պաշտպանել Արցախի արևելյան ուղղությունը: Պաշտպանության բանակի փոքրամարմին հսկան խոցել է թշնամու 12 տանկ, ոչնչացրել զրահամեքենաներ ու ռազմական ինժեներական մեծաքանակ տեխնիկա:
Յուրա Ալավերդյան - Առաջին օրը բարձրացանք, իմ դասակի տղաներին տարել էին ինձնից ձախ, ես աջ կողմում էի, 36 տանկ եկան, 12-ը դեպի Ջաբրայիլ, 12-ը դեպի մեզ, 12-ը դեպի տղաները: Երեք ուղղությունն էլ կանգնեցրի՝ խոցելով առաջին և վերջին տանկերը:
Յուրան կասեցրել է թշնամու տանկային գրոհը: Տղաներն այնուհետև խոցել են ամբողջ շարասյունը: Մարտի թեժ պահին Արցախի հերոսն արհամարհել է հակառակորդի հարվածից ստացած վնասվածքն ու շարունակել պայքարը հանուն իրեն վստահված դիրքի պաշտպանության:
Յուրա Ալավերդյան - Ես ու Դավիթը միասին էինք, տարան կառավարման կետ, Արայիկ Հարությունյանը կապ էր տալիս, այդ ժամանակ իմացանք:
Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը կյանքով պաշտպանեց Արցախը: Քչախոս զինվորը խոցել է թշնամու 15 տանկ: Սարդարապատցի Դավիթը զինվորագրվել էր 2-րդ Սարդարապատին մասնակցելու վճռականությամբ: Մարտկոցի զինվորները հակառակորդի ահ ու սարսափն էին:
Յուրա Ալավերդյան - Նստած էինք, ծուխ էր լինում, փոշի, ասում էինք՝ ի՞նչ է եղել, ասում էին՝ Դավոն կրակեց, տանկ է խփել, չէինք հասցնում հրթիռները տանել:
Հոկտեմբերի 4-ին ՊԲ գնդապետ Սերգեյ Շաքարյանը ևս պարգևատրվեց Ոսկե արծիվ շքանշանով՝ արժանանալով Արցախի հերոսի կոչմանը:
Յուրա Ալավերդյան - Հադրութից էր, իր հողը պահում էր վեհորեն, հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան, ինքը և մարտկոցի հրամանատարը մեծ դեր ունեցան կռվի ժամանակ: Հադրութի կողմից դժվար էր ղեկավարել:
Մարտկոցը ոչնչացրել է հակառակորդի հարյուրից ավելի զրահատեխնիկա, 5 զինվոր կորցրել՝ Վյաչեսլավը, Արմենակը, Գևորգը, երկու Դավիթները. Արցախի հերոսը չի մոռանա վարորդ Հակոբին, բոլորով միասին կռվեցին կյանքի համար: