Անվտանգության ոլորտում Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ անվտանգության ոլորտում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ ՌԴ նախագահի ներդրումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում «շատ շոշափելի էր, հատկապես հիմա»:
Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է բարդանալ «չլուծված հումանիտար խնդիրների»՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի ֆոնին: