ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հարցեր, հաղորդում է kremlin.ru-ն:
Հաշվի առնելով 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության հետևողական իրականացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը` նախագահները նշել են, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ընթացքում, առաջին հերթին, քննարկվելու են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հետագա քայլերը:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում Ռուսաստանի ջանքերը:
Կողմերը նաև ընդգծել են պատերազմից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարևորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների ներգրավման միջոցով: