Նա ղեկավարեց աշխարհի 120 նվագախումբ, ճանաչվեց Մոցարտի, Բեթովենի ստեղծագործությունների էտալոնային կատարող: Միջազգային մամուլը նրան համեմատեց Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։
Դիրիժոր, կոմպոզիտոր Հովհաննես Խաչատուրյանին աշխարհը ճանաչեց որպես Օհան Դուրյան:
Հովհաննես Խաչատուրյանը ծնվել էր 1922 թվականին, Երուսաղեմում: Հայրը ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանն էր, մայրը՝ արաբ: Երաժշտական կրթություն է ձեռք բերել Երուսաղեմի կոնսերվատորիայում, ուսումը շարունակել Շվեյցարիայում: Ավելի կատարելագործվելու համար տեղափոխվել էր Վիեննա, հետո` Փարիզ: Մասնագիտանալուց հետո Խաչատուրյանը վերադառնում է Բեթղեհեմ, դասավանդում Սբ. Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում, ստեղծում նաև Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարում Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Երիտասարդ դիրիժորը կրկին մեկնում է Եվրոպա ու կատարելագործում դիրիժորական հմտությունները:
Օհան Դուրյանը երաժշտության էմոցիոնալ մատուցման, կատարման հուզականության, ինքնատիպության շնորհիվ գրավեց աշխարհի հռչակավոր բեմերը, ղեկավարեց այնպիսի հեղինակավոր նվագախմբեր, ինչպիսիք են Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի նվագախմբերը։ Դուրյանը ֆենոմենալ էր նաև հիշողությամբ:
Մաեստրոն խորհրդային Հայաստանում առաջինն էր, որ համարձակվեց եվրոպական դասական հեղինակներից բացի, իր համերգային ծրագրերում ընդգրկել նաև հայ կոմպոզիտորների՝ Սպենդիարյանի, Խաչատրյանի, Միրզոյանի, Մանսուրյանի, Աճեմյանի, Օրբելյանի սիմֆոնիկ գործերը:
1957թ. Վազգեն Առաջին Վեհափառի հրավերով արդեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Օհան Դուրյանը Հայաստան է եկել ու մինչև 1960թ. ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, հետո արդեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր ու գլխավոր դիրիժորը: 1960- ականներին, իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ: Հենց այստեղ էր, որ Դուրյանը հրաժարվեց դիրիժորական փայտիկից ու այն փոխարինեց ձեռքերով:
1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով Դուրյանը կրկին վերադարձավ հայրենիք: 1998թ. ղեկավարել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբը: Ու չնայած որոշում էր կայացվել, որ ցմահ պետք է ղեկավարի, 2001թ. մշակույթի նախարարի որոշմամբ Դուրյանին հեռացնում են Օպերայից:
Վահան Վարդապետյան, Օհան Դուրյանի մտերիմ բարեկամը- Մշտապես մտահոգվում էր՝ օր մը ազգովի դառը պարտություն պետք է ճաշակենք, կեղծիքը, թալանը կրծում են պետության ողնաշարը:
Պոռթկում էր ու զայրանում, երբ ասում էին հարմարվել, համակերպվել ու յոլա գնալ, արվեստի մեջ յոլա գնալ ինչպե՞ս կարելի է, անգամ երկիրն եք ղեկավարում քանդելով ու փչացնելով ամեն ինչ:
Մաեստրոյի կայնքի վերջին բեմերը Մոսկվայում էին: 2002թ. դիրիժորը ղեկավարում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: 2008թ. կրկին վերադառնում է հայրենիք և միանում ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը: Մաեստրոն կյանքից հեռացավ ուղիղ 10 տարի առաջ՝ նեղացած իր երկրի ղեկավարներից, բայց ոչ ժողովրդից:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան