Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
«Նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ»,- Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է նաև հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Մանուկյանը, սակայն, փակագծեր չբացեց, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը:
«Կիմանաք, երբ պետք լինի, ավելին ասել չեմ կարող»,- ասաց նա՝ հայտնելով, որ այդ բոլոր հանդիպումներից հետո հանդես կգան հայտարարությամբ:
«Հարցերին մենք ստացել ենք պատասխաններ, որոշ պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել»,- եզրափակեց խոսքը Մանուկյանը: