«Մխիթարյանը վերածնված ֆուտբոլիստ է: Նա գլխավորում է «Ռոմայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցակը և հիշեցնում է այն «մեքենային», որը կանգ էր առել Դորտմունդում: Նա պարզապես չէր համապատասխանում Պրեմիեր լիգային, որտեղ լիովին չինտեգրվեց «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»: Այսպես է «Ռոմայի» հարձակողական ոճի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերջին ելույթներին անդրադարձել հեղինակավոր Daily Mail պարբերականը:
«Հայ ֆուտբոլիստը 4 տարի առաջ Անգլիա տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայում» մրցաշրջանից հետո, երբ գրանցեց երկնիշ թվով գոլեր և արդյունավետ փոխանցումներ: Նա այժմ 31 տարեկան է ու վերածնվել է «Ռոմայի» հետ՝ յուրովի վերաբացահայտելով իրեն:
Մխիթարյանն այս պահի դրությամբ Եվրոպայի ամենաստեղծարար ֆուտբոլիստներից մեկն է: Նա Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ «Ա-սերիայում խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում և առնվազն վիճակագրական տեսանկյունից հավակնում է կոչվելու Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Գոլերին ներգրավածության ցուցանիշով թոփ-5 առաջնությունների առաջատար Բրունու Ֆերնանդեշը (18 գոլերի է մասնակցել՝ 11 գոլ, 7 «ասիստ») փոքր առավելություն ունի Մխիթարյանի նկատմամբ (15):
Փորձագետների մեծամասնությունը Կևին դե Բրույնեին կգնահատեր որպես համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստեղծագործ ուժ, սակայն բելգիացին բերված վիճակագրությամբ հետ է մնում: Նա մասնակցություն է ունեցել միայն 11 գոլերի (3 գոլ, 8 «ասիստ»): Մխիթարյանին մոտ են գտնվում «Նյուքասլի» նախկին հարձակվող Ֆլորիան Տովենը, որն այժմ հանդես է գալիս «Մարսելում» (13 գոլերի ներգրավածություն՝ 6 գոլ, 7 «ասիստ») և «Ասթոն Վիլայի» տպավորիչ ավագ Ջեք Գրիլիշը (12՝ 5 գոլ, 7 «ասիստ»):
Հայ խաղացողին հիանալի մարզավիճակը թույլ է տվել վերջին 6 մրցավեճում իր ակտիվում գրանցել 3-ական գոլ ու արդյունավետ փոխանցում, ինչի շնորհիվ «Ռոման» հայտնվել է առաջնության լավագույն եռյակում»,- ասված է հոդվածում:
Պարբերականն անդրադարձել է Ֆոնսեկայի՝ «Ռոմայում» օգտագործած 3-4-3 խաղային սխեմային՝ ընդգծելով, որ Մխիթարյանը ստեղծագործելու բավարար ազատություն է ստանում: Նա Լորենցո Պելեգրինիի հետ գործում է կենտրոնական հարձակվողի անմիջապես թիկունքից: Հրաշալի փոխհամագործակցություն է ձևավորվել Էդին Ջեկոյի հետ:
«Մխիթարյանը ներկա պահին «Ռոմայի» փաստացի թե՛ լավագույն ռմբարկուն է, թե՛ լավագույն «ասիստենտը»: Եթե «Ռոման» դառնա վերջին 20 տարում իր առաջին «Սկուդետոյի» նվաճման իրական հավակնորդ, Մխիթարյանը դրանում կունենա որոշիչ դեր, և այդ ամենում մեծ է Ֆոնսեկայի արժանիքը»,- ասված է հոդվածում:
Մխիթարյանն Իտալիայի մայրաքաղաքում իրեն զգում է ինչպես տանը: Նա նախորդ մրցաշրջանում, «Ռոմայում» հանդես գալով վարձավճարով, ցույց էր տվել հուսադրող արդյունավետություն՝ խփելով 9 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում, ինչից հետո ամբողջական հիմունքներով համալրեց թիմը: Դեռ մրցաշրջանի կեսն է անցել, բայց Մխիթարյանն արդեն բարելավել է նախորդ մրցաշրջանի իր վիճակագրությունը: Հայ խաղացողի՝ ամենաբարդ դիրքերից սրող փոխանցում կատարելու և տարբեր իրավիճակներում ճիշտ դիրք ընտրելու կարողությունները, որոնք առանձնացրել է պարբերականը, ըստ հեղինակի՝ ստիպել են Ֆոնսեկային Մխիթարյանին բնութագրել որպես «ամենախելացի ֆուտբոլիստներից մեկի, որի հետ երբևէ աշխատել է»:
«Մխիթարյանը հաստատ հաճույք չի ստանա «Արսենալի»՝ այս մրցաշրջանում ելույթներից, թեև տարօրինակ է, որ նրա նման տաղանդավոր ֆուտբոլիստը չկարողացավ թիմին բարձունքների հասցնել: Լոնդոնցիներին այս մրցաշրջանում շատ պետք կգար Մխիթարյանի ոճի խաղացողն այն բանից հետո, ինչ Միկել Արտետան կազմից դուրս թողեց Մեսութ Օզիլին: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ «զինագործները» հայտնվեցին աղյուսակի ստորին հատվածում, թեև վերջին շրջանում որոշակի առաջընթաց նկատվեց:
Չնայած ներկա պահին փայլում է երիտասարդ կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն, շատ ցավալի է, որ «Արսենալը» չկարողացավ ավելի լավ օգտագործել Մխիթարյանի վարպետությունը: Երկրպագուները մեծ հույսեր էին կապում հայ ֆուտբոլիստի և Օբամեյանգի համագործակցության հետ, որը շատ արդյունավետ էր եղել «Բորուսիայում»: Այդուհանդերձ, դա պակաս գոհացուցիչ եղավ «Արսենալում»: Մխիթարյանը շատ լավ սկսեց «Արսենալում» իր ելույթները՝ առաջին 4 խաղում կատարելով 4 գոլային փոխանցում, բայց հետագայում զիջեց դիրքերը: Նա իրեն ավելի լավ էր դրսևորել երկրորդ մրցաշրջանում, սակայն արագորեն կորցրեց Ունայ Էմերիի վստահությունը, և նրան հաջորդ մրցաշրջանի մեկնարկում ուղարկեցին Իտալիա: Նա Անգլիայում ցույց տվեց, որ առանձին խաղերում կարող է տարբերություն ապահովել․ բոլորն են հիշում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Սանդեռլենդին» խփած «կարիճ» հարվածով գոլը: Ցավոք, դա այն քիչ դրվագներից է, որ երկրպագուները կհիշեն: Այնքան էլ արդյունավետ չստացվեց նաև մանկունյական թիմում նրա ու Իբրահիմովիչի համագործակցությունը:
Դա նրա՞ հետևանքով էր, որ ֆուտբոլիստի խաղաոճը չէր համապատասխանում Պրեմիեր լիգային: Այդ թեմայով խոսել է հենց խաղացողը․ «Կարծում եմ՝ գուցե այնքան էլ լավ չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին, ուստի, ըստ իս, փոփոխությունը միայն դրական էր»:
Ոչ ոք ավելի հիասթափված չի լինի, քան Մխիթարյանը, որ իր պոտենցիալը չօգտագործվեց Պրեմիեր լիգայում: Նա մի քանի բարդ տարիներ անցկացրեց Անգլիայում, սակայն դասեր քաղեց այդ ամենից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ կարիերայի ընթացքում ունենում է բարդ ժամանակաշրջան: Նա 4 տարի առաջ հրաշալի էր հանդես գալիս Դորտմունդում, և հայ խաղացողի վերածնունդը մեզ թույլ է տալիս այդ ամենը տեսնել կրկին՝ արդեն Հռոմում»: