Պատերազմն այնպես արեց, որ Թեհրանից Երևան տեղափոխված Շամիրզայանների ընտանիքը Երևանում բարեկամացավ Ասկերանից, Հադրութից, Ստեփանակերտից տեղահանված ընտանիքների հետ: Հայի ճակատագիր է՝ ասում է Արա Շամիրզայանը:
Գայանե Զաքարյան (հյուրընկալվող) - Բարեկամացել ենք, հա, շատ լավ մարդիկ են: Սկզբից շատ էինք:
Արա Շամիրզայան (հյուրընկալող) - Առաջ մի ընտանիք եկավ, հետո կամաց-կամաց շատացան:
Եվ այդպես՝ ավելի քան 30 հոգի: Երևանում կառուցված առանձնատանն արդեն տեղ չկար: Կնոջ հայրական տունը ևս հյուրատուն դարձրին: Արցախից տեղահանվածներին տեղավորելու գործին միացան Արայի ընկերները: Մահճակալ, անկողին՝ ով ինչ ուներ, շատ արագ տեղափոխեցին Շամիրզայանների տուն:
Արա Շամիրզայան - Էս մահճակալները բերեցին, անկողին դասավորեցինք, ու մի օրում կազմակերպվեց: Շատ հետաքրքիր էր այդ պահը: Առաջին օրերին չէի հասցնում անձամբ մի բան անեմ, ամեն մարդ գալիս էր, փորձում էր մի բան անել:
Արան տեղահանվածների նկատմամբ անտարբեր չէր կարող մնալ: Երբ իրանա-իրաքյան պատերազմի օրերին՝ Թեհրանի ռմբակոծության ժամանակ, իրենք էլ բարեկամների հետ ապաստան են գտել քաղաքից դուրս ամառանոցում: Հրադադարից հետո մարդիկ դեռ այստեղ են, կմնան այնքան, որքան անհրաժեշտ է՝ ասում է Արան:
Բացի արցախցիներին հատկացվող աջակցությունից, հունվարին կմեկնարկի նաև հյուրընկալող ընտանիքների աջակցության երկրորդ ծրագիրը: Առաջին ծրագրով ֆինանսական աջակցություն էր սահմանվում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալողներին:
Արտակ Հարությունյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված ընտանիքների սոցիալական բաժնի պետի պաշտոնակատար) - Երկրորդ միջոցառումը եռամսյա միջոցառում է, վերաբերում է Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակիչներին, սակայն այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց անշարժ գույքը: Երկու միջոցառման համար էլ շահառուն հյուրընկալողն է:
Ծրագրի շահառու են համարվում 2020-ի դեկտեմբերին և 2021-ի հունվար-փետրվարին կացարան տրամադրողները: Ծրագրից օգտվելու համար հյուրընկալողը պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Արտակ Հարությունյան - Գումարի չափը, որը ստանալու են հյուրընկալները, կախված է յուրաքանչյուր չափահաս անձանց թվից: Յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի համար՝ 30 հազար դրամ, եթե կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, և յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի համար՝ 45 հազար դրամ, եթե հյուրընկալող կացարանը Արցախի Հանրապետությունում է:
Թեև աջակցության տրամադրումը կմեկնարկի հունվարից, սակայն Արա Շամիրզայանն արդեն որոշել է՝ աջակցությունից չի օգտվելու։