ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ:
«Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանք իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:
Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: