Նախորդ տարի համավարակով պայմանավորված՝ դիմորդները բուհ ընդունվելու համար ընդունելության մեկ քննություն հանձնեցին՝ նախօրոք սահմանված երկու կամ երեքի փոխարեն: Դեկտեմբերի սկզբին կառավարությունը հաստատել է 2021/2022 ուստարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։
Կարո Նասիբյան, գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն - Միասնական քննություն հանձնողները, որ պետք է հանձնեն երեք միասնական քննություն, առավելագույնը դարձել է երկու քննություն: Որևէ փոփոխություն առայժմ մենք չունենք, և կառավարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը հաստատված որոշման մեջ դա նշված է ըստ առարկաների:
Մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ: Նասիբյանը ներկայացրեց, որ, օրինակ, իրավագիտության համար նախատեսված է պարտադիր պատմություն առարկան և հայոց լեզու կամ օտար լեզու՝ ընտրովի: Տնտեսագիտական բլոկի համար մաթեմատիկան է պարտադիր և հայոց լեզու կամ օտար լեզու՝ ընտրովի: Մնացած դեպքերում, եթե երեք քննությամբ չի եղել, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Խոսքը միասնական կամ կենտրոնացված քննությունների մասին է: Ներբուհական քննությունները մնացել են նույնը: Նասիբյանը նշում է՝ եկող շաբաթվանից կսկսեն քննությունների ժամկետների, կարգի հետ կապված առաջարկների քննարկումը:
Կարո Նասիբյան - Նախորդ տարիներին մենք այդ փոփոխությունները ներկայացնում էինք մարտ-ապրիլ ժամանակահատվածում, բայց այս տարի որոշել ենք մի քիչ առաջ բերել, որ դիմորդներն արդեն իսկ ծանոթ լինեն դիմում-հայտը լրացնելու ժամանակ:
Նասիբյանի պնդմամբ՝ նախորդ տարվա փորձը ցուցանում է, որ եթե դիմորդը մեկ քննություն կարող է հանձնել, ապա երկրորդը ևս կարող է՝ պահպանելով բոլոր սանիտարական պայմանները: Չի բացառվում, որ քննություններն այս տարի անցկացվեն կարանտինային պայմաններում: Մեր երկրում կարանտին էր սահմանվել մինչև այս տարվա հունվարի 11-ը. ժամկետն արդեն մոտ է լրանալուն, բայց առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկել է կարանտինի ժամկետը երկարաձգել 6 ամսով:
Նունե Բակունց, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Մեր առաջարկի մեջ առողջապահության նախարարությունը որևէ նոր բան չի առաջարկել՝ պարզապես երկարաձգել է ժամկետը՝ հաշվի առնելով վիրուսի ներբեռնման հնարավոր վտանգը, կտրուկ աճի հնարավոր վտանգը և ռիսկը:
Նունե Բակունցն էլ ասաց, որ կարանտինի պայմաններում ընդունելության քննությունները կազմակերպելիս անհրաժեշտ է ամբողջապես պահպանել հակահամաճարակային կանոնները: Իսկ կառավարության լրատվականից մեզ պատասխանեցին, որ կարանտինի ժամկետը երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած առաջարկը կքննարկվի առաջիկա օրերին: