Ադրբեջանը շարունակում է խուճապ վերբեռնել՝ համացանցում կեղծ տեսանյութեր ներբեռնելով: Սոցցանցերում հայտնվեց տեսանյութ, թե իբր թշնամի երկիրն իր դրոշն ուր որ է կհասցնի Սևան: Ֆեյսբուքյան հերթական խուճապային տրամադրությունից հետո Տեղեկատվության ստուգման կենտրոնն ուսումնասիրել, գտել է տեղանքի պարամետրերը: Տեսանյութը Սևանից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռու է՝ Հայաստանի տարածքից դուրս: Ինչպե՞ս ընտրել, թե ո՛ր լրատմվամիջոցին հետևել՝ խաբված չլինելու համար:
Արշալույս Բարսեղյան, փաստեր ստուգող լրագրող, Media.am - Մենք վստահելի ենք համարում այն լուրերը, որոնք ունեն սկզբանղբյուր: Մյուսները կարող են վերցնել հին լուսանկար և այլն: Մանիպուլացնելու ձևերը շատ-շատ են:
Թշնամու սրտին դուրեկան մանիպուլացնող ռեպորտաժներից մեկում էլ ներկայացվեց՝ իբր Փոլադ անունով ադրբեջանցին պատերազմից հետո անարգել մտել է Կապան և նույնիսկ իր հայրենակիցների խնդրանքով՝ ցույց է տվել քաղաքը։ Մինչդեռ տեսանյութը հրապարակվել է ամիսներ առաջ, զբոսաշրջային էջում, որտեղ հիմնականում Կապանի մասին տեսանյութեր են:
Նարեկ Բաբայան, Սյունիքի մարզպետի տեղակալ - Եթե ուշադիր նայեք, շոգ եղանակ է, մարդիկ կարճաթև հագուստով են: Մարդկանց մոտ դժգոհություն էր առաջացել, դիմել են ԱԱԾ, ոստիկանություն: Իմ ունեցած ինֆորմացիայով պարզվել է, որ նկարողը ՀՀ քաղաքացի է, երկար ժամանակ բնակվում է ՌԴ-ում, ունի ընկերներ, որոնց համար նկարահանել է՝ հետո նրանց ցույց տալու համար: Անընդհատ մանիպուլացնում են, որ այսինչ խանութից ադրբեջանցիները գնումներ են անում, բայց չկա նման բան, որոշ մարդիկ նման ինֆորմացիայով փորձում են խուճապ տարածել:
Ինչքանով հաջողվեց այս լրատվական կեղծիքը, գնահատեց հենց ադրբեջանցին՝ հրճվեց ու հայկական լրատվամիջոցներին անվանեց կործանվող: Ինչո՞ւ է ամբողջ լրատվադաշտը մի ռեպորտաժի շնորհիվ կամ պատճառով ծաղրուծանակի արժանանում Ադրբեջանում, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սլաքները տանում է դեպի ներքաղաքական լարվածություն:
Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ - Ներքաղաքական պայքար է, և բոլոր միջոցները կիրառվում են, ներգրավվում են մեդիառեսուրսներ, որոնք պատերազմին դարձան շատ հայտնի, ինչպես ռուսալեզու ալիքները տելեգրամի, Ադրբեջանն էլ, չմոռանանք, որ շարունակում է մեդիատեռորը: Պետական կառույցները պետք է պրոակտիվ լինեն, հիմա տեմպը շատ մեծ է, նույնիսկ մի քանի ժամ հապաղումը կարող է խնդիրներ առաջացնել: Մյուսն այն է, որ շատ վատ վարակ է մտել մեր հասարակության մեջ, մարդիկ հետին թվով սկսեցին նայել ադրբեջանական մամուլը:
Հետին թվով ոչ միայն ադրբեջանական, նաև հայկական լրատվությունից էլի իրականության հակառակ կողմից ներկայացվող տեղեկություն տարածվեց, թե իբր Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի: Մեր արտաքին գերատեսչությունը մեկնաբանեց՝ նախ դեկտեմբերի 17-ին արտգործնախարարության թարմացրած երկրների ցանկն էր, երբ փոխադարձության սկզբունքով նշված պետությունների քաղաքացիները վավեր անձնագրերով ազատվում են մուտքի վիզայի պահանջից։
Աննա Նաղդալյան, ԱԳՆ խոսնակ - Համաձայն 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկ քաղաքում կնքված «ԱՊՀ մասնակից պետությունների վիզաների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի, փոխադարձության սկզբունքով, սահմանվել է այն երկրների ցանկը, որտեղ մեր քաղաքացիներն իրավական հիմքերով կարող են գնալ առանց մուտքի արտոնագրի ու հակառակը։
Ի դեպ, արդեն 20 տարի այբբենական կարգով հասանելի երկրների ցանկը նորովի ներկայացնող մեդիային հետևողների համար արտգործնախարարությունը նաև հիշեցնում է՝ Ադրբեջանի դեպքում կա հատուկ իրավիճակ՝ երկու երկրի միջև չկան ո՛չ բնականոն, ո՛չ դիվանագիտական հարաբերություններ, կա միայն հակամարտային իրավիճակ։