Տարվա առաջին աշխատանքային շաբաթն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն սկսում է արցախցի փոքրիկներին ամանորի գեղեցիկ տոն պարգևելով:
«Ամանորի երաժշտական հեքիաթ» խորագրով տոնական-բարեգործական միջոցառումն սկսվեց փոքրիկների՝ թանգարանում շրջայցով. ամենուրեք հանճարեղ կոմպոզիտորի հիշատակներն են՝ նրան պատկանող իրեր, եզակի ցուցանմուշներ, զարմանալի դրվագներ նրա կյանքից ու հանդիպումներ 20-րդ դարի հզոր անհատականությունների հետ:
Արցախցի ընտանիքների ու երեխաների հետ թանգարանի աշխատակազմի բարեկամությունն սկսվել է պատերազմի ամենաթեժ օրերին, երբ այստեղ հատուկ համերգային ծրագրով դրամահավաք կազմակերպվեց:
Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին դրամահավաքով և համակողմանի աջակցությամբ սատարելու նախաձեռնությանը միացան նաև շատ անհատներ ու կազմակերպություններ, այդ թվում նաև «Հայերի համաշխարհային ասոցիացիան» և «Տերյան» մշակութային կենտրոնը: Հիմա գումարային աջակցությունից բացի տոնական անակնկալներ ու փաթեթներ են պատրաստել երեխաների համար:
Բացի շրջայցից, թանգարանը փոքրիկներին է ներկայացնում նաև «Խաչատրյանն ու Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը՝ Խաչատրյանի հայաստանյան ճամփորդությունների հիշարժան դրվագներով: Թանգարանն արդեն փոքրիկներին ներառել է նաև իր շարունակական կրթական ծրագրերում:
Սպենդիարյանի անվան երաժշտական կրթօջախի սաների համերգային ծրագիրն այսօր հատուկ հասցեատեր ունի՝ իրենց արցախցի հասակակիցներն են, որ հետպատերազմական դժվար օրերին իրենց թիկունքում միշտ զգան բերեկամ-ընկերների ջերմ զորակցությունը: