ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը շարունակում է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։
Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանումը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: