Շտապ հավաք կազմակերպելու մասին առավոտյան՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Պատճառը՝ որոշ տելեգրամ-ալիքներում և մամուլում տարածված տեղեկությունն է, թե հունվարի 11-ին Մոսկվայում պետք է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվելու է պայմանագիր:
Ըստ այդ հրապարակումների՝ պայմանագրի տեքստը գաղտնի պահվում է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ այն սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Արդյունքում՝ չնայած ցրտին, նախարարության շենքի առջև հավաքվեցին տասնյակ քաղաքացիներ:
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան - Մենք պարտավոր ենք պարզաբանումներ պահանջել, առաջին հերթին, արդարադատության նախարարությունից այն մասին, թե արդյո՞ք այն փաստաթուղթը, որի մասին խոսք է գնում, գտնվում է արդարադատության նախարարությունում, թե՞ ոչ:
Ավելի վաղ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ իրենք որևէ պայմանագիր չեն ստացել որևէ ընթացակարգով, սակայն ցուցարարների համար դա բավարար չէր: Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ իրենք ակնկալում են հավելյալ պարզաբանումներ:
Արծվիկ Մինասյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ - Այն, ինչ գրառում արել է արդարադատության նախարարությունն այսօր, մենք դրա հաստատումը պետք է ունենանք:
Արդյունքում՝ տեղեկությունը հերքելու համար բողոքի մասնակիցների մոտ իջավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա ևս մեկ անգամ հաստատեց՝ նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Նախարարի հայտարարությունից հետո ցուցարարները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան: