Պատերազմն սկսվեց, Գարիկի արվեստանոցում նոր պատկերներ հայտնվեցին. մերօրյա հերոսների դիմանկարներն ավելացան: Լռած զենքերի փոխարեն հիմա տղաների հայացքներն են խոսում: Եվս մի քանի շտրիխ և Վարդան Մնացականյանի դիմանկարն էլ պատրաստ կլինի:
Գարիկ Հարությունյան, նկարիչ - Ալբերտ Հովհաննիսյանից սկսել եմ ու բոլորն էլ ինձ համար տպավորված են: Կան, որոնք պատերազմում են նկարվել, այդ պատերազմական շունչը կա իրենց մեջ, այդ հաղթական շունչը փորձում եմ դիմանկարի մեջ ցույց տալ:
Հայտնի լուսանկարի հերոսին՝ հրետանավոր Ալբերտին, Գարիկն առաջինը թղթին պատկերեց, Ֆեյսբուքում տեղադրեց. արձագանքը մեծ էր, որոշեց՝ շարք սկսել:
Գարիկ Հարությունյան - Շատ ժամանակ հենց աչքերը նկարելուց հուզվում եմ, ասես դիմանկարը վերջացավ աչքերից, աչքերի մեջ այդ կյանքը կա: Փորձում եմ դա ցույց տալ:
35-ամյա նկարիչն արդեն 35 դիմանկար է արել: Հրետանավոր, թե կապավոր, սերժանտ, թե շարքային, Գարիկի համար բոլորն էլ հերոս են: Մի օր սև մատիտով է աշխատում, մի օր էլ վրձինը ձեռքին՝ յուղաներկով. նկարչի համար այս շարքը շատ կարևոր է, գործի մեջ մեծ սեր է դնում:
Գարիկ Հարությունյան - Մեր տղերքին մեծ պատասխանատվությամբ եմ նկարում: Գիտեմ, որ իմ նկարածը կօգնի իրենց ընտանիքներին:
Հիմա պատվերներ շատ ունի՝ նաև արտերկրից: Հեռախոսը գրեթե չի լռում: Ռազմաճակատում հերոսացած տղաների ծնողների համար անվճար է նկարում: Օրը մեկը պարտադիր է, որ լավ տրամադրություն է ունենում, երեքն էլ է նկարում:
Գարիկ Հարությունյան - Գիտեք, երկու ժամ նկարում եմ, մոտավորապես մի քանի ժամ պետք է, որ այդ հոգեվիճակից դուրս գամ, ասես մեծ գործ արած լինեմ, իրենց հետ կտրվում եմ աշխարհից, ժամանակ է հարկավոր, որ նորից հետ կամ ու կարողանամ մեկ այլ նկար նկարել:
Ահա այս դիմանկարում կապիտան Տարոն Ստեփանյանն է: Վաշտի հրամանատար է եղել: Պատերազմի 40-րդ օրը հերոսաբար զոհվել է Մարտունու դիրքերը պաշտպանելիս: Գարիկը Տարոնի նկարները նայել, նրա մասին կարդացել, հետո նոր մատիտը ձեռքն է առել:
Հերոսի քույրը՝ Հայարփին, Ֆեյսբուքում Գարիկի գործերին հետևել ու նկարչին է դիմել: Սա Տարոնի վերջին լուսանկարն է եղել: Պատերազմից երկու օր առաջ են նկարել: Քրոջ աչքերը նկարից են կարոտն առնում:
Հայարփի Ստեփանյան - Շատ արտահայտված երևում են նրա թախծոտ աչքերը: Այս նկարը դնելու եմ տան մի լուսավոր անկյունում, որ միշտ նայեմ նկարին ու հիշեմ:
Արտաշատցի Գարիկը կշարունակի ինքնատիպ ներկայացնել հերոսապատումը, տղաների անունը վառ կպահի: Ասում է՝ դա էլ իր պարտքն է, սիրով կկատարի: