1999 թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները, և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային բջիջների դոնորների օր:
Հայկական ռեեստրը Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 22-ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին:
2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական իմունագենետիկների ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում:
Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:
Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեռքբերումների` կամավորագրված ավելի քան 32.000 դոնորների, 35 փոխպատվաստումների մասին:
Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը:
Անցած տարվա ծանր օրերին համայն հայությունը կրկին ստիպված եղավ գոյատևման պայքար մղել և, ցավոք, կորցրեց շատ թանկ երիտասարդ կյանքեր։ Զոհվածների թվում նաև ռեեստրում կամավորագրված 38 երիտասարդ են, որոնք պատրաստ էին փրկել մարդկային կյանքեր ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև խաղաղ պայմաններում։ Անգնահատելի է նրանց պատրաստակամությունն ու խիզախությունը։
Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, ամբողջ աշխարհասփյուռ հայությունը, խոնարհվելով նրանց հիշատակի առջև, պետք է վերամիավորվի և լծվի հայ ազգի վերածննդի գործին։