Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման Հայաստանի առաջնահերթությունը: Նա կրկին ուշադրություն է հրավիրել փաստին, որ հայտարարության մեջ չկա ո՛չ «Մեղրի», ո՛չ էլ Հայաստանի որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթությունը փաստաթղթի 8-րդ կետի լիարժեք իրագործումն է՝ Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - «Պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը»:
Պատերազմի ավարտից մինչև այսօր Հայաստան է վերադարձվել 54 գերի: Թեև պաշտոնական տվյալներ չկան, բայց հայկական կողմն ունի փաստեր, որ մեր գերիների թիվը մոտ չորս անգամ ավելի է:
Ադրբեջանական կողմը երեկ հայտնեց, որ այս պահին իրականացվում են Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ։
Եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է տարածաշրջանում բացել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Ենթակառուցվածքների ապաշրջափակուն ըստ Փաշինյանի նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրան, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջևան: Փաշինյանը, սակայն, շեշտել է, որ հայտարարությունը միջանցք չի նախատեսում:
Նիկոլ Փաշինյան - «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»:
Ադրբեջանում գտնվող գերիներից 80-ի հարցով ՄԻԵԴ դիմումներ են ներկայացրել Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը: Ավելի քան 100 դիմում էլ ներկայացրել է ստրասբուրգյան դատարանում Հայաստանի ներկայացուցիչը: