Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով:
ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈՒՍՎ) և COVD-19-ի նկատմամբ համաճարակաբանական հսկողություն և լաբորատոր հսկողություն:
Տոնական օրերին Հանրապետությունում ապահովվել է շտապ բժշկական օգնության 314 կանչ, որից 248-ը՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 66-ը՝ շրջաններում:
Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 334 դեպք, որից մինչև 18 տարեկաններ` 224 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 31 անձ, որից մինչև 18 տարեկան՝16-ը:
Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 120-ը: Կենտրոնում կատարվել է 17 անհետաձգելի վիրահատություն:
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, 1-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն: «Արևիկ» բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 19 երեխա, որից 10-ը իգական, 9-ը՝ արական սեռի են: