Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել Արդարադատության նախարարության դիմաց՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք պայմանագրի մասին:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա՝ տարածվածն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը:
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին. նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում, որի հիման վրա տարածում են մեր մյուս ԶԼՄ-ները, և հասարակությունում առաջանում են հուզումներ, սխալ տեղեկությունների հիման վրա անհանգստություններ: Ես կոչ եմ անում չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ առավոտյան Ֆեյսբուքով արդեն տարածել են հերքումը, որ նման պայմանագիր գոյություն չունի Արդարադատության նախարարությունում:
Բադասյանի խոսքով՝ նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես «պայմանագիր», «միջազգային պայմանագիր», գոյություն չունի:
«Չի ստացվել, չկա»,- հավելել է Բադասյանը: