ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունները:
«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.
1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:
Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում: