44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ամենամեծ ազգային համայնքը՝ եզդիականը, կամավորականների մի քանի խումբ ուղարկեց ռազմաճակատ: «Հայաստանը մեր հայրենիքն է,- ասում են,- մենք այստեղ լիարժեք քաղաքացի ենք մեզ զգում, ուրեմն և հայրենիքի նկատմամբ էլ պարտականություն ունենք»:
Արցախյան պատերազմին կամավորագրված եզդի Ռզգանի մասին է առաջարկվող տեսանյութը:
Ռզգան Աբասյան (կամավորական) - Իմ երկիրն է, իմ հողն ու ջուրը, էստեղ եմ ծնվել, մեծացել:
Երբ հայրենիքն իր կարիքն ուներ, ոչ մի րոպե չվարանեց եզդի Ռզգանը։ Տան, տնտեսության ու բազմանդամ ընտանիքի հոգսը թողեց կնոջն ու մեկնեց ռազմաճակատ։ Ինքն էր, եղբայը և կնոջ երկու եղբայրները։ Կինը չփորձեց հետ պահել։ Մի թեթև երեխաները նեղվեցին, հատկապես ավագ որդին։ Եթե հաջողվում էր, Ռզգանը տուն էր զանգում, որդին խուսափում էր պատասխանել։
Դուստրը՝ Նարինեն, որ երեխաներից ամենամեծն է, հասկանում էր՝ հայրը շուտ չի գալու։ Փոքր եղբայրներին հուսադրում էր, որ շուտով տանը կլինի, բայց հոգու խորքում տագնապում էր ուշացող զանգերից։
Նարինե Աբասյան - Վախենում էինք, թե ինչ է եղել. տեղեկություն չունեինք։
Հերիքնազ Հասոյան - Ասում էի, որ էստեղ լիներ՝ էսքան տանջանք-չարչարանք չէր լինի։ Ես էլ առողջական խնդիրներ ունեի, վրաս երևում էր։
Երեխաներին խնամելն ու տնտեսություն վարելը ծանր էր Ռզգանի երիտասարդ կնոջ համար։ Եզդի ընտանիքին օգնության ձեռք մեկնեց հարևանուհի Սիրանուշը՝ Պարտիզակ գյուղ առաջի՛նը հարս եկած հայուհին։
Սիրանուշ Սարգսյան (հարևանուհին) - Հաց թխելիս, գոմում աշխատելիս օգնել եմ:
Մինչ ընտանիքը սրտատրոփ սպասում էր ռազմադաշտից եկող հեռախոսազանգերին՝ ցնցվեցին սոցկայքերը հեղեղած նյութից։ Ռզգանն էր՝ առաջնագծից. տրամադրությունը բարձր, ոգին՝ մարտական։
Եզդի զինվորը, Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեկի օրինակով, հայերի հետ կողք կողքի կռիվ է տվել ամենաթեժ կետերում։ Իր փոխանցած ճշգրիտ կոորդինատներով տանկեր են խոցվել։ Հրադադարներից մեկի ժամանակ էլ, երբ տղաները փորձել են թուլանալ ու մի քիչ շունչ քաշել, ինքը հեռահար դիտարկմամբ թշնամու մոտեցող 4 տանկ է նշմարել։ Զեկուցել է հրամանատարին։ Երբ պարզվել է, որ թշնամին իրոք խախտել է հրադադարի ռեժիմն ու պատրաստվում է կրակ բացել մեր դիրքերի ուղղությամբ, իրենք անցել են պատասխան գործողությունների։
Ռզգան Աբասյան - Կամանդիրն ասաց՝ վտանգի ես ենթարկվելու, բայց ինձ չխնայեցի ու ամենավտանգավոր դիրքից կոորդինատները հաղորդեցի, հետևից կրակեցին՝ տանկերը ոչնչացան։
Կռվել է՝ առանց իրեն խնայելու։ Ասում է՝ տանկ խոցելն ավելի հեշտ էր, քան իսլամիստների գրոհը կանխելը։ Չնայած դժվարություններին՝ իրենց ջոկատով բազմիցս կասեցրել են գրոհայինների առաջխաղացումը։
Ռզգան Աբասյան - Խփում ես, չեն ընկնում, գալիս-հասնում են քեզ, նոր ընկնում են։ Սրսկված են, ցավ չեն զգում։
Հիմա Ռզգանն աշխատում է մտապատկերից ջնջել-ոչնչացնել պատերազմի դաժան օրերն ու արյունոտ տեսարանները։ Չի ուզում տրվել վատ հիշողություններին․ դրանք ծանրացնում են հոգու ցավն ու ավելացնում ցնցումները։ Պատերազմից ժառանգած տագնապներից ու վախերից փորձում է ազատվել ընտանիքի հետ՝ ջերմ շփումների միջոցով։
Ռզգան Աբասյան - Ամենալավ դեղը. որ գալիս ես տուն, պատերազմն ավարտվել է: