Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայի հետևանքով բուժհաստատություններում հայտնված քաղաքացիներն ապաքինման փուլում են, ու մեծ մասը դուրս է գրվել: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
«Ջրի հոսքը դադարեցվել է, խողովակներն են փոխվում: Ջրի նմուշառում կրկին կարվի, կտարվի լաբորատորիա, և եթե պարզվի, որ որևէ խնդիր չկա, ջուրը կմիացնեն»,- ասաց Կարեն Աբազյանը:
Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ 2020 թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ բոլորն օգտագործել էին Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը: