Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա՝ «Արմենպրես» գործակալությանը հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությունը: Ադրբեջանի նախագահը խոսել էր այսպես կոչված «Նախիջևանի միջանցքի» մասին՝ նշելով, թե այն կբացվի առաջիկայում: Իլհամ Ալիևը հղում էր արել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Հայաստանի վարչապետի խոսնակը պարզաբանել է.
Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու: Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստան և Իրան և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Մանե Գևորգյանը մանրամասնել է՝ Երևանը ցանկություն ունի օգտագործել Ադրբեջանի տարածքը հայկական բեռները թե ավտոմոբիլային, թե երկաթուղային տրանսպորտի միջոցով ռուսական շուկա հանելու համար, իսկ դեպի Իրան փոխադրումները կազմակերպել հատկապես երկաթուղով: Մինչև դրա իրագործումը, սակայն, Գևորգյանը հստակեցրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը գերիների վերադարձի հարցի շուրջ:
Մանե Գևորգյան - Այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս և կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ, և այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան, այդ թվում՝ միջազգային ատյաններում:
Վարչապետի խոսնակը շեշտել է նաև, որ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Գևորգյանը եզրափակել է՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին: