Պատերազմի հետևանքով անտուն են մնացել մի քանի տասնյակ հազար մարդիկ: Նրանց մի մասը վերադարձել կամ ապագայում կվերադառնա Արցախ: Ոմանք էլ կգերադասեն հիմնվել Հայաստանում, մինչ ժամանակավոր օկուպացված տարածքները կազատագրվեն: Արցախցիներին օգնություն հատկացնելու լավագույն տարբերակը՝ նրանց համար եկամտի մշտական աղբյուր ստեղծելն է:
Շենքն արդեն պատրաստ է, ներքին հարդարման աշխատանքներն են արագ ավարտին հասցնում, որ հունվարի 10-ին կարի մեքենաների առաջին խումբը տեղադրեն: Այստեղ գործելու են կարի ու կավագործության արհեստանոցներ: «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, որ մանկալքության դեմ է պայքարում, այս օրերին հիմնական առաքելությանը զուգահեռ նաև արցախցիներին օգնելու տարբեր ծրագրեր է իրականացնում:
Մարինա Ադուլյան,«Բարի մամա» ՀԿ նախագահ - Սկզբնական շրջանում օգնում էինք սնունդով, բայց հետո հասկացանք, որ պետք է անել ավելին՝ տալ այդ մարդկանց ապագայի հույս, հատկապես այն ընտանիքներին, ովքեր Արցախից եկել են Երևան ու չգիտեն ինչպես ապրել, ինչ անել, չեն կարող անդադար ինչ-որ մեկից աջակցություն սպասել:
Կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, հիմա էլ հիշեցնում է. կարի արհեստանոցում աշխատանքի կընդունեն պատերազմի ժամանակ ամուսիններին կորցրած և առհասարակ՝ պատերազմի հետևանքով հարկադրված Արցախից Հայաստան տեղափոխված կանանց:
Մարինա Ադուլյան - Կկարողանան իրենք աշխատել, իրենց ամենօրյա հացը վաստակել և արդեն մտածել ապագայի մասին: Սկզբնական շրջանում կարելու ենք անկողնային պարագաներ, նաև՝ հագուստ: Չենք կարող չկարել այն, ինչ այս պահին պետք է բանակին՝ քնապարկեր, գուցե կարողանանք նաև վրաններ կարել:
Սկզբնական շրջանում 10 կարի մեքենա կկարողանան տեղադրել: Նշանակում է՝ 10 հոգու աշխատատեղն ապահովված է, բայց շենքը նախատեսված է նաև մանկատան սաների զբաղվածության համար: Այստեղ գործելու են կավի արհեստանոց և սրճարան: Աշխատելու են 16 տարեկանից բարձր մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաները: Հիմնադիրների խոսքով՝ ամռանն այստեղ հատկապես հաճելի կլինի: Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին, անտառի դիմաց վայելած մեկ բաժակ սուրճով մարդիկ օգնելու են և՛ մանկատան սաներին, և՛ այն ընտանիքներին, որոնց կազմակերպությունն աջակցում է, որ չլքեն հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին:
Մինչ կիսակառույց շենքում ապագայի պլաններ են մշակվում, կողքի՝ «Բարի տնակում» փորձում են արցախցի երեխաների մտքից ջնջել պատերազմի դրվագներն ու նոր, տոնական, գունավոր տպավորություններ ստեղծել:
Մարինա Ադուլյան- Չէինք կարող երեխաների առօրյան փոխելու փորձ չանել: Այն երեխաների, ովքեր որոշակիորեն տուժել են պատերազմից. զոհված զինծառայողների երեխաները, ովքեր ապրում են Հայաստանում, արցախցի երեխաները ու, կարծում եմ, որ դա յուրաքանչյուրի պարտքն է՝ փորձել ինչ-որ բան ավել անել, քան մինչև պատերազմն անում էինք:
Եթե միջանցքում շարքով կոշիկներ ու վերարկուներ կան, նշանակում է՝ «Բարի տնակում» արցախցի փոքրիկների հերթական խումբն է հյուր եկել: Այստեղ խաղում է, մարզվում, հետպատերազմական սթրեսին հրաժեշտ տալիս օրը մի քանի խումբ: