Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերն արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները, երբ երկրի ղեկավարն իր համակիրներին հրահրել էր գրոհել Կապիտոլիումի շենքը՝ փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում անդադար հայտարարարել է «ընտրախախտումների և գողացված ձայների» մասին: Թվիթերի ղեկավարությունը Թրամփից պահանջել է հեռացնել նմանօրինակ գրառումները:
Իրավապահների ու Թրամփի կողմնակիցների միջև սկսված բախումների ժամանակ մահացել է 4 մարդ, 52-ը՝ ձերբակալվել: Անկարգությունների դադարեցումից հետո Կոնգրեսը վերսկսել է աշխատանքը, որի ընթացքում վավերացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը:
Երբ Հանրապետական կուսակցության ակտիվիստ ղեկավար Քերոլին Սարյանը Արիզոնայից ուղևորվում էր Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամբի աջակիցների հավաքին, նրա մտքով չէր էլ անցնում, որ հնարավոր է լինի այն, ինչ եղավ։
Քերոլայն Սարյան, ակտիվիստ - Իհարկե, այն ինչ տեղի ունեցավ, շատ անսպասելի էր։ Ես Թրամփի կողմնակիցների տասնյակ նման հավաքների եմ եղել՝ նման բան երբեք չեմ տեսել։ Եկել էին Անթիֆա կոչվող ծայրահեղական խմբի անդամները, որոնք ներխուժեցին Կոնգրես, երբ Թրամփի շատ կողմնակիցներ՝ այդ թվում և ես, դեռ Սպիտակ տան մոտ էինք՝ լսում էինք Թրամփի խոսքը։ Հետո արդեն մասնակիցներից շատերն սկսեցին հետևել նրանց օրինակին։ Անթիֆա խմբի անդամներ այս օրերին շատ են եկել Վաշինգտոն, մեր հյուրանոցում էլ կան։
Մինչ Կոնգրեսը պատրաստվում էր վավերացնել ընտրությունների արդյունքները, օրենսդիր պալատի մուտքի մոտ հավաքվածների տրամադրություններն սկսեցին փոխվել։ Հաղթահարելով պատնեշներն ու ոստիկանության ոչ մեծաթիվ ուժերը՝ նրանք ներխուժեցին օրենսդիրի տարածք։ Սկսվեց քաոսն ու ջարդուփշուրը։ Ոստիկանության ոչ բավարար ուժերը դիմադրության փորձի ժամանակ կրակ բացեցին՝ արդեն հաստատված է, որ 4 քաղաքացի զոհվել է։
Վաշինգտոնում և հարևան Վիրջինիա նահանգում հայտարարեցին արտակարգ դրություն։ Ոստիկանության և ազգային գվարդիայի ուժերը փակեցին դեպի Կոնգրես տանող մոտակա փողոցները, Սպիտակ տունն առան ուժեղացված հսկողության տակ։ Թվիթերն աննախադեպ քայլի դիմեց՝ կասեցնելով Միացյալ Նահանգների նախագահի թվիթերյան օգտահաշիվը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանրությանը հրահրող գրառումներ չանի։ Միայն այն բանից հետո, որ Սպիտակ տան դեռևս գործող ղեկավարը պարտավորվեց հեռացնել միջադեպի մասին իր մի քանի ոչ միանշանակ ընդունված գրառումները, Թվիթերի մամուլի խոսնակն ասաց, որ կվերաբացեն հաշիվը։
Օրենսդիրները դատապարտում են միջադեպն՝ ասելով, որ ամոթի այս խարանը դեռ երկար չի մաքրվի ամերիկյան պետության ճակատից։
Չակ Շումեր, Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավար - Սա մի խարան է մեր պետության վրա, որի հետևանքները հեշտությամբ չեն մաքրվի։ Ամերիկայի 45-րդ նախագահի վերջին սարսափելի ժառանգությունը։
Ուշ գիշերով օրենսդիրներն, այնուամենայնիվ, հաստատեցին նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ ճանապարհ հարթելով, որ մոտ երկու շաբաթից Բայդենը պաշտոնապես դառնա նախագահ: Մինչ այդ Թրամփի թիմում հրաժարականներ են սկսվել։ Առաջին տիկնոջ մամուլի խոսնակն ու նախագահի խորհրդականը դեռ գիշերն աշխատանքից դուրս գալու դիմում էին գրել։