Վիկինգներ, հնդկացիներ, կովբոյներ: Սա ոչ թե «Նեթֆլիքսի» հերթական սերիալի նկարագրությունն էր, այլ այն, ինչ պատահեց այս գիշեր ԱՄՆ Կոնգրեսում և արժանացավ գրեթե նմանատիպ արձագանքի:
Հասան Ռոհանի, ԻԻՀ նախագահ - Այս զարգացումները ցույց տվեցին, որ չնայած արևմտյան երկրներում գիտության և տեխնոլոգիայի առաջադիմությանը՝ պոպուլիզմը դեռ գոյություն ունի, և մի պոպուլիստ մարդ խայտառակեց իր երկրի հեղինակությունը:
Աշխարհին հիասթափեցրեց ժողովրդավարության օրինակ համարվող ԱՄՆ-ում կատարվածը:
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ - 30 տարի ԱՄՆ-ն աջակցել է Վրաստանին՝ ազատության և ժողովրդավարության ճանապարհին: Մենք ԱՄՆ-ին դիտարկել ենք որպես օրինակ: Չնայած երեկվա իրադարձություններին՝ ամերիկյան ինստիտուտներն ապացուցել են իրենց ամրությունը և բռնությանը դիմակայելու հաստատակամությունը:
Իսկ Մոսկվան հիշեցրեց. Վաշինգտոնի իրադարձություններն ԱՄՆ-ի ներքին գործն են: Դա արտգործնախարարության արձագանքն էր: Կրեմլն էլ կատարվածն ամենաթողության հետևանք համարեց:
Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար - ԱՄՆ իշխանության գործողությունները հանգեցրին նրան, որ միջազգային քաղաքականության մեջ «կարմիր գծեր»չմնացին:
Նրանք գրավեցին Կապիտոլիումը, հետո սելֆիներ արեցին: Գերմանիայի կանցլեր Մերկելի մոտ Կոնգրեսի այդ նկարները ցասում և թախիծ առաջացրին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավատում է ամերիկյան ժողովրդավարության ուժին:
Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Ֆրանսիան աջակցում է ամերիկացիներին այնպես, ինչպես բոլոր ազգերը, որոնք ընտրում են իրենց առաջնորդներին ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Միացյալ թագավորությունն էլ կատարվածն ամոթալի համարեց ժողովրդավար ԱՄՆ-ի համար: Վարչապետ Բորիս Ջոնսոնը Թվիթերում հորդորեց ապահովել իշխանության անցնցում փոխանցումը: Թվիթերում գրվածները գուցե անհասանելի մնացին ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի համար: Չնայած նախագահն առանց բռնության պայքարի կոչ էր արել սոցցանցերում, նրա օգտահաշիվներն արգելափակվեցին: