ԱՄՆ նախկին չորս նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերն ու Ջիմի Քարթերն առանձին գրավոր հայտարարություններում քննադատել են Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունները: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Դեմոկրատներ Օբաման ու Քլինթոնն ամբողջ պատասխանատվությունը գցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա:
Օբամայի խոսքով՝ մայրաքաղաքում տեղի ունեցածն ամոթ է Միացյալ Նահանգների համար, և պատմությունը կհիշի Կապիտոլիումի բռնությունները: Քլինթոնի հավաստմամբ՝ գործող նախագահն ու իր աջակիցները սրել են իրավիճակը՝ ընտրությունների արդյունքները փոխելու համար:
Դեմոկրատ Քարթերը նույնպես դատապարտել է բռնություններն ու անկարգությունների մասնակիցներին կոչ արել ցրվել:
Ջորջ Բուշի խոսքով՝ «ընտրությունների արդյունքների համար այդպես վիճում են բանանային հանրապետություններում, այլ ոչ թե մեր ժողովրդավարական հանրապետությունում»: Բուշին ցնցել է այն, թե ընտրություններից հետո ինչ անխոհեմ են իրենց պահում որոշ քաղաքական գործիչներ, ինչպես նաև ԱՄՆ ինստիտուտների, ավանդույթների և իրավապահ մարմինների հանդեպ անհարգալից վերաբերմունքը: