Մեկ մարդ մահացել է, 20-ը ձերբակալվել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել են Կոնգրեսի շենքը և փորձել խափանել Ջո Բայդենի հաղթանակի հաստատման գործընթացը: Քիչ առաջ
CNN-ը տեղեկացրեց, որ Վաշինգտոնի տարածքում սահմանվել է պարեկային ժամ: Սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը՝ մինչև տեղական ժամանակով ժամը 06:00-ն: Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրություն է հայտարարել նահանգի տարածքում՝ մտավախություն ունենալով, որ Կոլումբիայի շրջանից անկարգությունները կարող են տարածվել նաև այնտեղ:
CNN-ը փոխանցում է, որ Վաշինգտոնի ոստիկանության տվյալով՝ Կապիտոլիումի բարձունքի շենքն արդեն ապահով է, չնայած՝ լարվածությունը շարունակում է պահպանվել: Հունվարի 6-ի ցերեկվա ընթացքում Կոնգրեսի շենքը շրջափակել են հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները: Կոնգրեսի անդամները սոցցանցերի իրենց էջերում տեղեկացրել են, որ քվեաթերթիկները «փրկվել են» նախքան ամբոխի ներխուժումը: Կոնգրեսի տարածք են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ազգային գվարդիան: